top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ժամանակ». Երեւանը կասկածում է Մոսկվայի առաջարկին. Սերժ Սարգսյանը չի ուզում այն, ինչ ուզում է Պուտին



«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին եւ ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել եւ ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռեւս անցնելու է որոշակի ընթացք: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի դրությամբ հայտարարեց, որ Ռուսաստանից չեն ստացել որեւէ առաջարկ, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային նշեց, թե մանրամասն կուսումնասիրեն` երբ ստանան Պուտինի հավանությանն արժանացած առաջարկությունները:

Ընդ որում, խոսք զորախմբի ստեղծման մասին չէ, այլ կազմի ընդլայնմանն ու կառավարման համակարգում որոշակի փոփոխություններին: Զորախումբը կա վաղուց, իրականացվում են դրա վարժանքները, այժմ, սակայն առաջարկվում է ընդլայնել կազմն ու փոփոխել կառավարման գործառույթները: Եվ հենց դա առաջացնում է հարց, թե ինչու է Ռուսաստանի մոտ առաջացել դրա անհրաժեշտությունը: Իսկ այն, որ դա առաջացել է Ռուսաստանի մոտ, վկայում է հայկական կողմի արձագանքը, որը սպասում է Ռուսաստանի առաջարկություններին: Որովհետեւ, եթե միացյալ զորախմբի հարցում փոփոխություններ կատարելու, կազմն ավելացնելու, ինչ որ բան կառավարման համակարգում փոխելու ցանկությունը լիներ Հայաստանից, նախաձեռնությունը գար Հայաստանից, ապա Հայաստանը ոչ թե ՌԴ առաջարկներին պետք է սպասեր, այլ պետք է սպասեր իր առաջարկների վերաբերյալ Ռուսաստանի իշխանության արձագանքին:

Ահա հենց այդ հանգամանք էլ հետաքրքրական է դարձնում, թե ինչու է Ռուսաստանի մոտ ծնվել փոփոխությունների միտքը, անհրաժեշտությունը: Եթե դա գալիս է Հայաստանին պաշտպանելու ցանկության ավելացումից, ապա Ռուսաստանը ունի այդ ցանկությունը իրագործելու բազմաթիվ այլ հնարավորություններ եւ նաեւ դաշնակցային պարտավորություններ, մինչ միացյալ զորախմբի քանակն ավելացնելը եւ կառավարման փոփոխություններ կատարելը:

Ավելին, այդ առումով Ռուսաստանից երեւի թե ավելի շուտ պահանջվում է նախ եւ առաջ դադարեցնել Ադրբեջանին քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելը, Ադրբեջանի ռազմատենչության ռազմա-քաղաքական հովանավորություն իրականացնելը, եւ թերեւս դա արդեն իսկ զգալիորեն բավարար կլինի, Հայաստանին ուղղված մի շարք սպառնալիքների հարցում հայկական կողմին աջակցելու համար:

Ավելին, դատելով Կիսելյովի հետ հարցազրույցում թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումներից, Ռուսաստանի նախաձեռնությունը Երեւանի համար էլ այդքան հասկանալի եւ պարզ չէ, թեեւ արդեն իսկ հրապարակվել են համաձայնագրին վերաբերող մի շարք դրույթներ:

Նկատելի է դառնում, որ Երեւանը կամ գիտե, որ կան տողատակերում թաքնված խութեր, կամ առնվազն կասկածում է, որ այդպիսի խութեր կարող են լինել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում անում է երկու ուշագրավ արտահայտություն, նախ Պուտինի առաջարկները «մանրամասն քննարկելու» մասով, եւ նաեւ «այնքան աշխատելու, մինչեւ այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»:

Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, պարզ չէ, սակայն բավական նկատելի է նրա տոնայնությունից եւ ակնարկներից, որ նա այդքան էլ չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Պուտինի քաղաքականությունը հուշում է, որ նրա ցանկությունները այնքան էլ համատեղելի չեն Հայաստանի անվտանգությանը:

Ամբողջ խնդիրը այն է, թե արդյոք Հայաստանի անվտանգությունն է լինելու այն «աշխատանքի» առանցքը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Թե Հայաստանի անվտանգությունը լինելու է մանրադրամ, իսկ առանցքը լինելու է իշխանության անվտանգությունը: Սովորաբար եղել է հենց այդպես, բայց դա էլ բերել է ի վերջո ապրիլյան պատերազմի եւ ծանր կացության: Կփոխի՞ այդ հանգամանքը Երեւանի պահվածքը: Դա է հարցը, որից կախված է այն, թե ինչպիսի դիրքում է հայտնվելու Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հանդեպ, որովհետեւ ներկայիս ռուսական քաղաքականության որեւէ նախաձեռնության հանդեպ Հայաստանի լոյալությունը մեծ հաշվով ավելացնում է Հայաստանի հանդեպ միջազգային հանրության, մասնավորապես արեւմտյան տերությունների եւ առաջատար միությունների ուղղակի, թե անուղղակի անվստահությունը: Իսկ միջազգային հանրության անվստահությանն արժանացող սուբյեկտները վաղ թե ուշ հայտնվում են ոչ թե պաշտպանված, այլ աննախանձելի վիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page