Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Ջրաշենում՝ Խաղողօրհնեք


Լոռու մարզի Ջրաշեն գյուղում` «Մայրություն» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ ավանդական դարձած Խաղողօրհնեքի արարողությունը, Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց տարվա ողջ բերքն ու բարիքը և ապա խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին ժողովրդին: Նախաձեռնության հեղինակը Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի գիտքարտուղար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանն է: Հայ Առաքելական եկեղեցին Աստվածածնի Վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը Այս օրն առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Ջրաշենցի Ա. Մխիթարյանի մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի ազնիվ ու անաղարտ կերպարը, այն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում տեղադրվել է չորս տարի առաջ հենց սբ. Աստվածածնի վերափոխման տոնի օրը: Այս տարի ջրաշենցիներին ու հյուրերին ողջունելու էին եկել Սպիտակի «Վերածնունդ» և Ջրաշենի «Փարոս» պարային համույթները, Սպիտակի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, պատանի դոլահար Վլադիմիր Մխիթարյանը: Ներկաները ոգևորված էին պատանիների և երիտասարդների կատարումներով: Նրանց կատարումները ոգևորիչ էին ներկաների համար: -Սա մեր երեխաների համար լավ առիթ է ներկայանալու, ցուցադրելու սովորածն ու ոգևորվելու առաջիկա մրցույթներին ու փառատոներին մասնակցելու համար, - ասաց Սպիտակի մշակույթի տան նորանշանակ տնօրեն Հերմինե Դարչինյանը: -Շատ ողջունելի է, որ մեր միօրինակ առօրյան յուրաքանչյուր տարի այս օրերին լավ իմաստով խանգարվում է Ատոմի նախաձեռնությամբ: Եկել եմ հարևան Լեռնավանից՝ կիրակի օրը լավ ժամանակ անցկացնելու, առնչվելու մեր մշակույթին, ունկնդրելու ազգայինավանդական երգն ու պարը - նշեց Լեռնավանի համայնքապետարանի աշխատակից Ժաննա Այվազյանը: -Ամեն տարի, չնայած արձակուրդներին, դասարանիս աշակերտներին կազմակերպում և բերում եմ Մայրություն հուշարձանի մոտ՝ մասնակցելու Խաղողօրհնեքի արարողությանը, մշակութային միջոցառումներին: Սա յուրօրինակ հայրենասիրության դաս է աշակերտներիս համար, - ընդգծում է Ջրաշենի դպրոցի ուսուցչուհի Տաթև Բադիկյանը: Վարդան Մամիկոնյանի հետնորդների ու Մամիկոնյան տոհմի ժառանգների գյուղում՝ Ջրաշենում (նախկինում՝ Վարդանավան, Վարդնավ) ավանդույթ դարձած այս միջոցառումը լավ առիթ է նաև համայնքի բնակիչներին հուզող խնդիրների բարձրաձայնման, նոր նախաձեռնությունների դրսևորման համար. այն դարձել է հանրային քննարկումների հարթակ, որը շատ ուրախալի է, քանզի գյուղ այցելելու առիթը բաց չեն թողնում այլ բնակավայրերում ապրող բազմաթիվ ջրաշենցիներ: Ի դեպ, Խաղողօրհնեքի արարողությունից առաջ Երիտասարդական ակումբների դաշնության «Մաքուր երկիր» բնապահպանական ակումբի անդամները, գյուղի դպրոցականների հետ մաքրեցին պուրակն ու կոչ արեցին չաղտոտել տարածքը: #Խաղողօրհնեք #Ջրաշեն #Տեր Օվսե քահանա Հովհաննիսյան #Ատոմ Մխիթարյան #Ջրաշեն #Լոռու մարզ #Մայրություն հուշարձան