top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ողբերգության հանգեցրած կառավարությունը պետք է գնա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ խոսելով Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ «ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում ՝ կառավարությունը, որը հանգցրել է սրան, պետք է գնա»:

«Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի է ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահը խոսել է լուծման քաղաքակիրթ ճանապարհի՝ արտահերթ ընտրությունների եւ ժամանակավոր ազգային միասնության կառավարության մասին։ «Բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձեւավորում եւ նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչեւ նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։ Այս ընթացքում պետք է նաեւ հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»,- ասել է նա։ Արմեն Սարգսյանը նշել է, որ «ներկայիս Սահմանադրությունը չունի զսպումների եւ հավասարակշռության ոչ մի լծակ, նաեւ դրա պատճառով է, որ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը»։ «Հավասարակշռություն պետք է լինի խորհրդարանի, կառավարության եւ նախագահական ինստիտուտի միջեւ։ Կարծում եմ, որ եթե նույնիսկ մենք խորհրդարանական երկիր մնանք, նախագահը պետք է ժողովրդի կողմից ընտրվի։ Մեր երկրում բոլոր պաշտոնները նշանակում է խորհրդարանը, իսկ որտե՞ղ է հավասարակշռությունը։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ ունենք այն, ինչ ունենք»,- նշել է նա։ Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետը` Արմեն Սարգսյանը նշել է, որ պետք չէ լուծումները կապել անհատի հետ։ «Կա նախագահի ինստիտուտ։ Նախագահը չի ուզում վարչապետ դառնա, ես հավակնություններ չունեմ, մրցակից չեմ որեւէ մեկի համար։ Իմ դերը տեսնում եմ հետեւյալում՝ օգնել մեր հանրությանը, որ այս ծանր վիճակից դուրս գանք»,-ասել է Արմեն Սարգսյանը։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page