top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր


«…Բոլոր ժամանակներում բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, երբեք չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլ նաև համայն հայության։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին 22 պատգամավորների հետ։ Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ժողովրդի արմատական շահերը: Նա էլ ասաց` դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ապա մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ կոշտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշնամին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր»,- Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am- ի հետ զրույցում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պատերազմի քրոնիկոնը, վերլուծել նախապատերազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, հույզերը խանգարում էին, ցավն ու վիշտը շատ մեծ է. «Չկա որևէ հայ, որ հաշտվի այդ շրջանների կորուստի հետ: Ոչ միայն վիրավոր է ամբողջ Արցախը, այլ նաև ողնաշարից կոտրված ենք ազգովի»: «…Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում խառնաշփոթ էր։ Թուրքերն արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խուճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահները տեղեկացրին, որ շատ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ուզում են հեռանալ քաղաքից: Ես նրանց ասացի, որ պետք է քննարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտից, մեր նախագահը կռված, մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, որ մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո և, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, քաղաքում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք նույնպես չեն հեռանա քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զենքեր էին բաժանվել…»։ Դուք թշնամուն սպասում էիք Ստեփանակերտում – Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, առաջին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրակելուն։ Իմ երկու որդիները ծառայում են բանակում, մասնակցել են պատերազմին, բայց ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու հիմա ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զինված սպասում էինք թշնամուն։ Ա՛յ այդպիսի իրավիճակ էր, երբ պետք է կրակես, քանի որ գալիս են քեզ սպանելու։ Այո՛, պատրաստ էի կրակելու։

– Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի 9-ին պատրաստվել եք թշնամուն դիմավորել Ստեփանակերտում և տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի – Այն, որ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, իհարկե տեղեկություն չունեինք։ Բայց ներքին համոզմունք, հույս կար, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանի որ մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրավելն էր, ապա դրանից հետո կանգ կառնեն։ Կատարվածը պատերազմ համարել չի կարելի, այդ 44 օրը ես դժոխք եմ անվանում։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը դժոխքից խավարի մեջ մտնել էր։ Եվ ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։ -Եթե չստորագրվեր այդ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել – Մեր տվյալներով՝ շուրջ 6 հազար թուրք պետք է մտներ Ստեփանակերտ, այնուհետև՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափակման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղասպանություն։ – Լավ վերադառնանք հետպատերազմյան իրականություն: Ի՞նչ եք կարծում՝ եռակողմ փաստաթղթի բովանդակության մեջ հնարավո՞ր է փոփոխություն մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու դեպքում –Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։ Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, շատ ճկուն լինի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պատերազմի և խաղաղության միջև։ ՀՀ-ն ունի հիմա պաշտպանության նոր նախարար, նոր արտգործնախարար, նրանք պետք է շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։ – Ըստ Ձեզ, կան հեռանկարներ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցո՞ւմ – Հայաստանի Հանրապետությունը մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը։ Բայց նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. առաջին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։ – Հիմա արդեն ուշացա՞ծ կլինի ճանաչումը – Եթե հետևել եք, Արցախի Ազգային ժողովը տարբեր հայտարարություններով է հանդես եկել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page