top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է


Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանիդասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան:

Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում:

Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…»:

Նրա ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլն:

«Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»,- Տիգրան Մանսուրյանի մասին ասել է Հրանտ Մաթևոսյանը:

Հեքիաթներին Մանսուրյանը չի հավատում, թեև գիտի` «չարը ամեն օր կա և, բարին ամեն օր է հաղթում»: Իսկ եթե ոսկե ձկնիկ բռներ, մաեստրոն նրանից միայն մի բան կխնդրեր` որ մեր երկիրն ու ժողովուրդը կատարյալ ապահով լինեին, մարդիկ` բարի, չարություն և պահանջներ չունենային միմյանց նկատմամբ: Ընկերության մեջ կոմպոզիտորն ամենից շատ գնահատում է անկեղծությունն ու պարզությունը, մարդկային հատկանիշներից` խոնարհությունը: Նրա համոզմամբ` «պատվանդանը» չպետք է փչացնի մարդկային հարաբերությունները, «որքան էլ մարդ բարձրանա, պետք է համեստ ու խոնարհ մնա: Հաճախ, երբ մարդը պատվանդանի վրա է, թվում է` այլևս հնարավոր չէ շփվել նրա հետ»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page