top of page

ՓՆՏՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

29592 items found for ""

  • «Ժամանակ». Կարեն Կարապետյանի նշանակումն էլ չփրկեց ՀՀԿ-ին. Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից

    «ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը դժգոհել է թիմի աշխատանքից։ Նա ասել է, որ բոլորն էլ վատ են աշխատում, որի պատճառով ՀՀԿ վարկանիշը գնալով իջնում է։ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Կարեն Կարապետյանի նշանակումն էլ առանձնապես չփրկեց կուսակցությանը։ Բոլորի համար ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը չունի նախկին էնտուզիազմը։ Ի դեպ, նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը դեմ է եղել Ծառուկյանի վերադարձին։ Բայց այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէ, սակայն թիմակիցներին վստահեցրել է, որ Ծառուկյանը դիմակայության չի գնալու, արյուն չի լինելու։ Լինելու է քաղաքակիրթ, բայց դաժան պայքար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Ամերիկահայությունը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ

    Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք կշարունակենք աշխատանքները նորընտիր Կոնգրեսի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ, ինչպես նաեւ նորանշանակ պետքարտուղարի ու վարչակազմի հետ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է»,-ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

  • Շերը, Ռոբերտ դե Նիրոն և այլոք՝ Թրամփի դեմ բողոքի ցույցին

    Այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգթոնում կայանալու է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Դրանից մեկ օր առաջ Նյու Յորքում բողոքի ցույց է անցկացվել Թրամփի դեմ, որին Հոլիվուդի բազմաթիվ աստղեր են մասնակցել: Թրամփի Trump International Hotel and Tower հյուրանոցի առջեւ բազմահազարանոց բազմություն է հավաքվել, ելույթ են ունեցել Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն եւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: «Թրամփը կարծում է, որ մենք հանձնվել ենք, բայց այդպես չէ: Այսօր բոլորս միասին ենք, եւ Ամերիկան փրկելու հույս ունենք այն խայտառակությունից, որում հայտնվել է»,- ամբիոնից հայտարարել է Շերը, որին հետեւել են նաեւ այլ աստղերի ելույթներ:

  • Ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում. իրադրությունն առաջնագծում

    Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1050 կրակոց: Գնդացիրներից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան և արևելյան հատվածներում (ավելի քան 300 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

  • Ներկայացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման հաշվետվությունը

    ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: «Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը ՀՀ կառավարության նիստերին հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, և դրանց հիմնական մասը վերաբերել է քաղաքականության իրականացմանը: Այս համատեքստում նախարարությունները պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր: Զեկուցում եմ, որ այս ընթացքում մշակվել է ընդհանուր առմամբ 101 իրավական ակտ, որից 51-ն արդեն ընդունվել է: Այդ ակտերի թվին են պատկանում օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում նաև՝ նախարարների հրամաններ», - ասել է Դավիթ Հարությունյանը և անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր որոշումներին: Մասնավորապես՝ ա) Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քաղաքական որոշումներ. 1. Լիազորությունների ապակենտրոնացում,որի համար երկու մոտեցում է որդեգրվել՝ -Յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է՝ էական չէ, որ այն չի վերաբերում լիազորությունների ապակենտրոնացմանը, պարտադիր պետք է անդրադարձ կատարի նաև լիազորությունների ապակենտրոնացման խնդրին, այսինքն՝ վերլուծվում է, թե ինչ լիազորություններ կան, որոնք վերապահված են կառավարությանը, և եթե հնարավոր է դրանք վերապահել ավելի ստորին օղակներին, օրինակ, նախարարություններին՝ համապատասխան պատասխանատվություն սահմանելով, ապա դա իրականացվում է: Այս աշխատանքի իրականացվում է և հիմքում առկա է համապատասխան իրավական ակտ: -Օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ կառավարությունն այլևս որոշումներ չի ընդունելու: Ամենավառ օրինակը վերջերս ընդունված կարգավորումն է բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ, համաձայն որի՝ բացի պահուստային ֆոնդի միջոցով իրականացվող վերաբաշխումներից, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից, և այլևս անհրաժեշտ չի լինի կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ օրենսդրության մեջ տեղի են ունեցել նաև ՊՈԱԿ-ների վարձակալական գումարների հետ կապված և այլն: 2. «Գնումների մասին» նոր օրենք, որն արդեն ընդունվել է ԱԺ կողմից, որը նախատեսում է գնումների և´ ավելի ճկուն, և´ ավելի թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնել կառավարության հանրային հաշվետվողականությունը: 3. Գործողություններ, որոնք կատարվեցին, և այդ ուղղությամբ ընդունվեցին մի շարք իրավական ակտեր՝ ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և ԾԻԳ-երի օպտիմալացում, ինչը թվային առումով հետաքրքիր է. 2017 թ. կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3.9 մլրդ ՀՀ դրամ: 4. Արդեն ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք նպատակ ունեն իրականացնել և շարունակել տեսչական բարեփոխումները: Մասնավորապես, վերջերս քննարկման առարկա է դարձել գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչության լուծարումը, որն զբաղվում էր գյուղտեխնիկայով: Նմանատիպ աշխատանքները կշարունակվեն նաև այլ նախարարություններում, և կառավարության ծրագրով ևս նախատեսված է, որ 6 տեսչական բարեփոխում պետք է իրականացվի 2017 թ. ընթացքում: բ) Բիզնեսի գործելու համար նպաստավոր պայմանների ստեղծում -Կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման որոշումներից վերջացրած գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Դավիթ Հարությունյանն առանձնահատուկ նշել է մեկ որոշում, որով ձևավորվել է բանակցային խումբ, որի նպատակն է Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական ապրանքների, հատկապես սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: գ) Քաղաքացիների կյանքի հեշտացմանը և իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշումներ - Առաջինը և թերևս լայն տարածում գտածը մեկ միասնական պատուհանի ներդրումն էր, երբ պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթները պատվիրակվել են մասնավոր օպերատորներին, և այդ կապակցությամբ կառավարության նիստերում ընդունվել են մեկ տասնյակից ավելի մի շարք որոշումներ: Այսօր արդեն գործում է 4 օպերատոր՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերսբանկ», և հենց այդ մասնավոր օպերատորների միջոցով քաղաքացիներն ստանում են այնպիսի ծառայություններ, ինչպես քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրին առնչվող տարբեր տեղեկատվություններ, որոշ գործառույթներ, որոնք վերապահված են եղել ոստիկանությանը և արտաքին գործերի նախարարությանը: Այս հանձնարարականը չի կարելի համարել վերջնական կատարված, որովհետև պարբերաբար՝ մոտավորապես 2-3 շաբաթը մեկ, Արդարադատության նախարարությունը տեխնիկական համապատասխան լուծումները զարգացնելուն զուգընթաց առաջարկում է նոր ծառայություններ ընդգրկել վերը նշված շարքում: ԴԱՀԿ ծառայության կողմից պարտապանին կարճ հաղորդագրությունների միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցում- Ծառայությունը գործում է, և դրա մասին տեղեկատվություն կա թե´ սոցցանցերում, թե´ գովազդային տարբեր հարթակներում: Սա կարևոր գործիք է, այն դեռևս շատ լայն տարածում չի ստացել և հույս կա, որ այն կդառնա ավելի տարածված: Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում անձը կատարողական գործողությունների արդյունքում չի կարող զրկվել իր միակ կացարանից: Հանձնարարականների հիման վրա մի շարք փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, որոնք վերաբերում են, օրինակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստացման հետ կապված առցանց դիմում ներկայացնելու կամ կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ցանկացած վայրում՝ անկախ շահառուի հաշվառման վայրից ներկայացնելու հնարավորությանը, նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մեղմմանն ուղղված միջոցառումները: դ) Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարականներ - Այստեղ կան աշխատանքներ, փոփոխություններ, որոնք ընդհանուր են: Օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, կամ կանխիկ գործառնությունների սահմանափակումը: Կան որոշումներ, որոնք ավելի աշխատանքային են, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների փոփոխությունը: Կան որոշումներ, որոնք ուղղված են թափանցիկության բարձրացմանը. խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն, կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն: Միաժամանակ կան նաև որոշումներ, որոնք հարցը լուծել են մեկ այլ տեսանկյունից. մասնավորապես, երբ քաղաքացին շփվում է պետական մարմինների հետ, տարանջատվում է դիմում ընդունելը քաղաքացուց և որոշում կայացնելը՝ դրանով նվազեցնելով կոռուպցիան, որովհետև դիմում ընդունողը չի կարող որոշում կայացնել: Ավելին, այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է որոշումների մի փաթեթ, որտեղ որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Նմանատիպ աշխատանքներ կատարվում են նաև այլ ոլորտներում: Մասնավորապես հանրակրթական հաստատությունների տնօրենների նշանակման հետ կապված մշակվել են առաջարկություններ, որոնք արդեն ներկայացվել են կառավարության նիստին և բացառելու են հովանավորչությունը և այդ գործընթացում ազգակցական կապերի հետ կապված բացասական երևույթները: ե) Հանձնարարականների հիման վրա շատ կարևոր աշխատանք է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված - Խոսքը վերաբերում է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մեթոդաբանությանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է համապատասխան մեթոդաբանություն, ինչպես նաև զարգացման ծրագրերի օրինակելի ձևն իր համապատասխան հավելվածով: Փաստաթղթի մշակման նպատակը համայնքում առկա ներուժի, զարգացման հնարավորությունների և ուղղությունների առավելագույն բացահայտումն է: Կարևոր է, որ որոշումները ոչ միայն ընդունվում են, այլև դրանց հիման վրա ձեռնարկվում են գործնական քայլեր, որպեսզի դրանք պատշաճ կյանքի կոչվեն,իսկ ուսուցումը, որը կազմակերպվել է համայնքների ղեկավարների համար, շատ կարևոր է, որպեսզի մեթոդաբանությունը պատշաճ լինի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ բացի ներկայացված օրենսդրական նախաձեռնություններից և կառավարության որոշումներից, որոնք արդեն իսկ ընդունվել են, ընդունման, մշակման կամ լրամշակման փուլում են գտնվում ոչ պակաս կարևոր օրենսդրական նախաձեռնություններ և կառավարության որոշումներ: Օրինակ՝ մշակվել է «Թույլտվությունների մասին» օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս երկրում պետական մարմինների կողմից տրվող բոլոր թույլտվությունները ունիֆիկացնել, մտցնել մեկ միասնական չափանիշի տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում գործում էր 132 թույլտվության համակարգ: Այս աշխատանքի ընթացքում թույլտվությունների թիվը կրճատվել է 40-ով, ինչն իր դրական ազդեցությունը կունենա թե´ ձեռնարկատիրության ոլորտում, թե´ քաղաքացիների առօրյա կյանքում: Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև մի շարք հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված կոնկրետ գործողությունները. «Հանձնարարական էր տրվել Կրթության և գիտության նախարարին, որպեսզի գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում պարբերաբար հեռահաղորդակցային կապի միջոցով կազմակերպեն դասեր գյուղական վայրերում: Այդ աշխատանքն սկսվել է, և սա ոչ թե միանվագ գործողություն է, այլ մշտական աշխատանք: Սահմանել ենք հաշվետվողական համակարգ, և նախարարությունը պարբերաբար կառավարություն ներկայացնում է տեղեկատվություն, թե քանի դպրոցում և ինչպես է այդ աշխատանքը կազմակերպել: Հանձնարարական էր տրվել կազմակերպել ինտերնետ ծառայությունների գնման օպտիմալացում թե´ պետական մարմինների, թե´ դպրոցների համար, և այդ աշխատանքը կատարվել է: Արդյունքում պետական բյուջեն խնայել է 523 մլն ՀՀ դրամ: Նմանատիպ աշխատանքները շարունակվում են և մշտական են: Պարոն վարչապետ, մենք աշխատակազմին կհանձնարարենք պատրաստել հաշվետվություն, որը պարբերաբար կթարմացվի կառավարության համացանցային էջում, և հանրությունը հնարավորություն կստանա տեսնել, թե ինչպես են կատարվում Ձեր հանձնարարականները»: Դավիթ Հարությունյանը բարձրացրել է նաև որոշ դեպքերում գերատեսչությունների կողմից կառավարության աշխատակազմ վերջին պահին որոշման նախագծերի ներկայացման և կառավարության նիստի օրակարգում արտահերթ ընդգրկելու հարցին. «Կխնդրեի, որպեսզի շարունակենք ապահովել պատշաճ որակը, հնարավորինս ձեռնպահ մնալ նման քայլերից և նախատեսել, որ կառավարության աշխատակազմ ներկայացնելուց հետո որոշումն անպայման պետք է անցնի նախարարական կոմիտեով և նոր ներկայացվի կառավարության նիստում»: Վարչապետ Կարապետյանը, դիմելով կառավարության նիստի մասնակիցներին, նշել է. «Մենք պարբերաբար հաշվետվություն ենք տալու հանձնարարականների կատարման վերաբերյալ: Խնդրանք բոլոր ոլորտների, գերատեսչությունների, նախարարությունների ղեկավարներին՝ հսկողություն սահմանել, որովհետև շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականի կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ կատարում: Երկրորդ՝ հիշեցնում եմ, որ կառավարության ծրագիրը ռեգուլյար պետք է լինի ձեր հսկողության տակ: Շաբաթական դուք հաշվետվություն տվեք ինքներդ ձեզ և աշխատակազմին: Երրորդ՝ նյութերն արտահերթ բերում եք 5, 15, 20 րոպե առաջ՝ այն պարագայում, որ այնտեղ որևիցե արտառոց պայման չի փոխվել, պայմանագրի, ժամկետի երկարացում և այլն, բոլոր փաստերը նախապես հասկանալի էին: Ձեր աշխատակազմին համապատասխան հանձնարարական տվեք՝ այսուհետ կառավարության նիստ բերվող նյութին, որն արտառոց չէ, այլ ձեր աշխատակազմի բացթողումն է, մենք համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու»:

  • Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի». Կարեն Կարապետյան

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է, որ ՊԵԿ-ն ահազանգում է, որ մեծաթիվ հարկ վճարողներ ոչ համարժեք են ընկալել և մեկնաբանել վարչարարություն իրականացնելու այս հանձնարարականը: Մասնավորապես, առկա են հետևյալ բացասական երևույթները՝ իրացման, շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի վարձատրության մեծությունների թերհայտարարագրում, առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարում, ծախսերի ուռճացում, ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտում: Այս կապակցությամբ վարչապետն ընդգծել է. «Հարկ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի»: Այս կապակցությամբ վարչապետը ՊԵԿ-ին հանձնարարել է՝ 1. Հսկողություն սահմանել վերը նշված երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրական նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանը արձանագրված խախտումների վերաբերյալ: Պարբերաբար հրապարակել ինչպես օրինապահ, այնպես էլ խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները: 2. Այն հարկ վճարողներին, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն ՊԵԿ-ի կողմից արձանագրված անճշտությունները, չներառել տարեկան ստուգումների ծրագրում: Նման հարկ վճարողների գործունեությունը գնահատել կամերալ ուսումնասիրությունների, չափագրումների և վարչարարության այլ գործիքների միջոցով:

  • Մարզերից ստացված ծրագրերի 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան

    Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ամբողջությամբ կավարտվեն 2018 թ. մարտին: Ակնկալվում է՝ արդեն ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքերը: Արդեն իսկ հայտարարվել է նաև ավտոճանապարհի երկրորդ՝ 58 կմ երկարությամբ հատվածի շինաշխատանքների իրականացման մրցույթը: Ճանապարհի վերակառուցման արդյունքում կբարձրանա անվտանգության մակարդակն ու թողունակությունը: Ծրագրի շրջանակում վերանորոգվում են նաև կամուրջներ և թունելներ: Ավտոճանապարհի առաջին հատվածի վերակառուցման նպատակով ներդրվել է 15,5 մլրդ դրամ, որը ներգրավվել է Եվրոպական ներդրումային բանկից և Ասիական զարգացման բանկից: *** Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շենքի առջև հավաքված Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցներին, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին՝ իրենց աշխատավարձերի խնդրին լուծում տալու համար: Վճարվել է 166 մլն դրամ ամբողջ աշխատավարձերի և դրանց հավասարեցված վճարների պարտքը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Անդրադառնալով քիմիական ձեռնարկության հետագա գործունեությանը և ԽՍՀՄ տարիներին աշխատանքի հաջող փորձի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Այն նախկինում եղել է մեծ երկրի մի հատված, երբ չկար մատակարարման, շուկայի սպառման խնդիր: Այդ պարագայում ձեռնարկությունն ունեցել է գործունեության բնականոն ռեժիմ: Անկախությունից հետո մենք կանգնել ենք այլ խնդիրների առջև, բազմաթիվ փորձեր են արվել, որպեսզի ներդրողը գա, կարողանա այդ բիզնեսը կազմակերպել և հասկանալի է, որ նա պետք է կարողանա այդ ապրանքը վաճառել:Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և' օբյեկտիվ, և' սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»: Կարեն Կարապետյանը գործարանի աշխատակիցներին և մասնագետներին ևս հորդորել է ներկայացնել առաջարկություններ: *** Կառավարության ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ երկու հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: *** Վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Լոռու մարզի համայնքների ղեկավարների ու գործարարների հետ, քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը և ավելացրել, որ արդեն իսկ մշակվել է այն մեթոդաբանությունը, որի հիման վրա համայնքների ղեկավարները ներկայացնելու են զարգացման հնգամյա ռազմավարությունը: «Հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու հաշվետվություն է ներկայացնելու, թե իր ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու: Նույն հաշվետվությունը ներկայացնելու է նաև յուրաքանչյուր մարզ: Նախորդ շաբաթ ամփոփվել են մարզային երեք այցերի արդյունքները. ստացված ծրագրերից 70-75 տոկոսին տրվել է դրական պատասխան և այս պահին այն նախաձեռնությունները, որոնց մասին խոսել ենք մարզերում, ստացել են կոնկրետ ֆինանսավորում»,- ասել է վարչապետը: Նա ընդգծել է, որ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը ձևավորելու է մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, համեմատական կարգով ներկայացվելու են զարգացման միտումները, ախտորոշվելու են խնդիրները, ներկայացվելու են մարզպետի և նրա թիմի աշխատանքը գնահատելու հայտանիշերը: Անդրադառնալով Լոռու մարզի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է. «Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել և լավ ապրել, որովհետև ես դրանում ավելի քան համոզված եմ: Ուղղակի պետք է յուրաքանյուրս մեր ուժը, մեր կարողությունը, մեր առավելությունները գնահատենք ու ճիշտ, քայլ առ քայլ առաջ շարժվենք»: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Մարզպետը նշել է, որ մարզը հիմնականում արդյունաբերական է ու գյուղատնտեսական, տարեկան մակրոտնտեսական ծավալը կազմում է 356 մլրդ դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալը 95 մլրդ դրամ է, որի 76 տոկոսն ապահովում են երեք խոշոր հանքաարդյունաբերական ձեռնարկություններ: Արթուր Նալբանդյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Լոռիում շարունակական զարգացում է ապրում գյուղատնտեսության ոլորտը. արդյունքում՝ առկա 42 հազար վարելահողերից օգտագործվում է 74 տոկոսը՝ 2012 թվականի 48 տոկոսի դիմաց: Մարզի համայնքների ղեկավարների առջև խնդիր է դրվել ընթացիկ տարում ավելացնել սեփական եկամուտները, այժմ մշակման փուլում է մարզի զարգացման հնգամյա ռազմավարությունը: Անդրադառնալով մարզկենտրոն Վանաձորին՝ Արթուր Նալբանդյանը տեղեկացրել է, որ քաղաքի զարգացման նպատակով իրականացվելու են շուրջ 20 մլն դոլարի ծրագրեր՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Ծրագրերը կյանքի են կոչվելու նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Նալբանդյանն ընդգծել է, որ մեծ հույսեր են կապում նաև մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հետ և Լոռին հայտարարվելու է SMART մարզ: Բացի գործող տեղեկատվական կենտրոնից, գարնանը սկսվելու են Վանաձորի Թումո կենտրոնի կառուցման աշխատանքները, ընթացքի մեջ է նաև նոր SMART կենտրոնի հիմնումը: Մարզպետի խոսքով՝ Լոռիում զարգանում է նաև զբոսաշրջության ոլորտը և վերջին երեք տարիների ընթացքում այն ապահովել է 18-20 տոկոսի աճ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է համայնքային բյուջեների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը կանգնելու է այն համայնքի կողքին, որն ունի հստակ ծրագիր և ձևակերպում է, թե իրեն ինչ է պետք, կառավարության մասնակցությունն ինչում պետք է լինի և իր վերցրած բեռն ինչքան է լինելու: Խոսելով զբոսաշրջության զարգացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակվել է կոնկրետ ծրագիր, որտեղ օգտագործվել են Գյումրիի տեխնոպարկի մասնագետների գաղափարները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է նմանօրինակ ծրագիր մշակել նաև Վանաձորի համար, ուստի անհրաժեշտ է ելակետային տեղեկատվություն ունենալ հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Անդրադառնալով մարզում առողջապահության ոլորտում առկա իրավիճակին՝ կառավարության ղեկավարը պատասխանատուներին հորդորել է ոլորտ ներգրավել մասնավոր կառավարիչներ, ինչը կնպաստի ծառայությունների ընդլայնմանը, առողջապահական բիզնեսի աշխուժացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Առողջապահության ոլորտը ողջ աշխարհում կառավարում է մասնավորը, ինքն իրենից չի գողանում, դուք էլ հսկում եք: Անպայման փորձեք ներգրավել մասնավոր հատվածին: Առողջապահության ոլորտը մեր բյուջեի 6,4 տոկոսի ծախսային մասն է, ՀՆԱ-ի 2 տոկոսը: Մենք գիտենք, որ ոլորտում կա մեծ ստվեր, ունենք արհեստական գներ, որոնք առաջացնում են կոռուպցիոն ռիսկ: Այդ ողջ դաշտը պետք է մաքրենք, առողջապահությունը պետք է դառնա բիզնես, բիզնեսը պետք է տա հարկեր, հարկերից մենք պետք է ծառայություններ մատուցենք սոցիալապես անապահովին, որպեսզի նա ստանա ժամանակակից, արժանավայել բուժօգնություն»,- շեշտել է վարչապետը՝ հորդորելով իրականացնել նաև օպտիմալացման ծրագրեր և կառավարությանը ներկայացնել առաջարկություններ: Կարեն Կարապետյանը գյուղոլորտի պատասխանատուից հետաքրքրվել է՝ մարզում կա՞ն հաջողակ ֆերմերներ և ավելացրել, որ կառավարությունը ցանկանում է ամեն կերպ աջակցել նրանց: Գործադիրի ղեկավարը կարևորել է գյուղոլորտով զբաղվողների համար ուսումնական դասընթացների կազմակերպումը, որը պետք է լինի պրակտիկ ու առավելագույնը պարզ: «Ագրարային համալսարանի առջև դրվել է հստակ ծրագիր՝ կազմակերպել նման դասընթացներ բոլոր մարզերում: Մենք պետք է ֆերմերին օգնենք, որ զարգանա: Ցանկանում ենք ունենալ խելացի գյուղատնտեսություն: Այսօր ինտենսիվորեն քննարկվում է կաթիլային ջրամատակարարման համակարգի ներդրման հարցը, ինչը կարող է տալ մեծ տնտեսական օգուտներ, նվազեցնել ֆունդամենտալ ենթակառուցվածքների վրա ծախսվող միջոցները»,- ավելացրել է կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ մարզերից ստացված ծրագրերը տեղայնացնելու շրջանակում ստեղծվելու է հարթակ՝ գործարարների համար ևս բիզնես դասընթացներ և ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով: «Բացատրելու ենք՝ բիզնես ծրագիրն ինչպես է պետք կազմել, որպեսզի բիզնես աշխարհն «արթնանա», և այն գաղափարները, որոնք ունի, սակայն չի կարողանում կիրառել, կարողանա կյանքի կոչել: Ուսումը բերելու է որակի նոր փոփոխություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Ներկայացնելով մարզում կրթության ոլորտի իրավիճակը՝ մարզպետարանի պատասխանատուն նշել է, որ ուսուցիչների թիվը գերազանցում է պահանջարկը, սակայն միևնույն է այդ պարագայում ևս տարբեր համայնքների ուսումնական հաստատություններում առկա է 198 մասնագետի կարիք, վերաբաշխումը դժվար է իրականացնել: Վարչապետն անհրաժեշտ է համարել ուսուցիչներին ավելի վճարելով, օպտիմալացման ծախսերը նվազեցնելով՝ շահագրգռել դասավանդել հարակից համայնքների դպրոցներում: «Անպայման պետք է հասկանալ, թե ծախսերում որտեղ է առկա ավելցուկ. այդ ծախսը պետք է կրճատել, այդ ծախսից բոնուսային վճարել ուսուցչին, որպեսզի մաթեմատիկայի կամ հայոց լեզվի մանկավարժը գնա գյուղում աշխատելու: Վստահ եմ, որ եթե համակարգված մոտենանք հարցին, բազմաթիվ խնդիրներ ինքներդ կլուծեք: Մենք մանկավարժի նկատմամբ պետք է ցուցաբերենք հատուկ ուշադրություն: Եթե վաղը ցանկանում ենք ունենալ ապահով երկիր, խելացի երկիր, անվտանգ երկիր, պետք է ունենանք գրագետ քաղաքացի, իսկ գրագետ քաղաքացի կունենանք միայն այն դեպքում, եթե կարողանանք լավ ուսում տալ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով գյուղական համայնքներում բարձրորակ կրթության ապահովումը. «Մեր բոլոր չեմպիոնները, ազգի լավագույն մարդիկ, ամենամեծ արդյունք տվածները փոքր համայնքներից դուրս եկածներն են: Եթե այսօր մեր երեխային փոքր գյուղական համայնքում չենք տալիս լավ կրթություն, ապա վաղվա մեր լավ օրվա գլխին քար ենք գցում»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Լոռին ունեցել է արդյունաբերական, գիտահետազոտական պոտենցիալ և նշել, որ անհրաժեշտ է ներկայացնել ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկություններ, ձևակերպել մարզի երազանքը: Վարչապետի խոսքով՝ պետք է հաշվի առնել Վրաստանին սահմանակից լինելու հանգամանքը, այդ համատեքստում ևս մշակել կոնկրետ ծրագրեր, որոնք կներկայացվեն ներդրողներին: «Մենք պետք է ներդրողին համոզենք, որ Լոռու մարզում կարելի է գումար դնել, գումար աշխատել և շահույթ ստանալ: Յուրաքանչյուր ոլորտ պետք է ունենա իր տեսլականն ու երազանքը, այն տա թղթին և քայլ առ քայլ գնա դրա իրականացման հետևից»,- նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան հարկային և մաքսային ոլորտում վարչարարության պարզեցման հարցին՝ վարչապետը տեղեկացրել է, որ ոլորտի բարեփոխումները լինելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ուշադրության ներքո: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսի համար այդ դաշտը հասկանալի լինի: Ավելին, հարկային մարմինն ու բանկերը պայմանավորվել են, որ ՊԵԿ-ը ռանգավորելու է օրինապաշտ հարկատուին, ինչը կբերի նրան, որ բանկային համակարգն օրինական հարկատուին վերաբերվի որպես կանխատեսելի բիզնեսմենի և վերջինիս վարկ տրամադրի ցածր տոկոսներով»,- ասել է գործադիրի ղեկավարը: Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, փոքր և միջին բիզնեսի զարգացման մի շարք ներդրումային ծրագրեր և առաջարկություններ, որոնք ծրագրային փաթեթների տեսքով առաջիկայում կքննարկվեն կառավարությունում:

  • ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 20-ին

    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:

  • «Ժամանակ». Սեյրան Օհանյանը կհեռացվի ԵԿՄ-ից

    «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ ԵԿՄ ղեկավարությունը՝ ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից։ Օրերս ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը եւս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր է դարձել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Այսօր Դանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

    Դանիայի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձեւ կքննարկվի: Բանաձեւը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը եւ Ռասմուս Նորդքվիստը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով: Հիմնական թիրախներն են հանդիսանում խորհրդարանի այն անդամները որոնք պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար: Սակայն դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից: Գյուլլինք քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկի դիտարկմամբ, պատմաբաններն արդեն տվել են իրանց գնահատականը տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն, հիմա հերթն արդեն քաղաքական գործիչներին է: Գյուլլինք քաղաքի թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Քարեն Յեփփեի կողմից հանձնված մի քանի տասնյակ նմուշներ, որոնք հանդիսանում են Ցեղասպանությունը փաստող անհերքելի ապացույցներ:

  • Ձյուն ու մերկասառույց. Ստեփանավանի, Դիլիջանի և Գորիսի ճանապարհներին մառախուղ է

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Ստեփանավանի, Դիլիջանի եւ Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Երեւան – Գառնի ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

  • Շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարը. իրադրությունն առաջնագծում

    Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<Սև նետ>>, <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

bottom of page