top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փոխարեն միջոցներ ձեռնարկեն, որ օրենքը կյանքի կոչվի, այն չեղարկում են. Ատոմ Մխիթարյան


Կառավարությունը որոշեց չեղարկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում էր` գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար 2002 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցները պետք է ուղղվեին բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանը, գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը: Ի դեպ, սա չզեկուցվող հարցերի շարքում էր դասվել։


«Օրենքի այդ կետը ոչ մի անգամ չի կատարվել, այսինքն` իրականում երբեք հատկացումները տեղ չեն հասել, այն իր նպատակին չի ծառայել։ ԱԺ–ում, կառավարությունում քննարկումների ժամանակ անընդհատ ասվում էր, որ օրենքը չի գործում` այդպիսով օրենքի խախտում է լինում, ուստի պետք է հանել այդ կետը»,– այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը:


Նա նշեց` «Բարձրագույն կրթության մասին» օրենքում այս դրույթը նախ ամրագրել էին ֆինանսավորումը 3-ի փոխարեն 4 տոկոս սահմանելով, սակայն երբ օրենքը հասավ ԱԺ, այդ կետն ընդհանրապես հանեցին։ Մասնագետի խոսքով` ստացվում է պետությունն իր վրա որևէ պարտավորություն չի ուզում վերցնել և գիտությանը հատկացնել համապատասխան տոկոսային կետով ֆինանսներ, որպեսզի կարողանա գոնե դրա զարգացումն ապահովել։


Ատոմ Մխիթարյանը նկատում է` փոխարեն միջոցներ ձեռնարկեն, որ օրենքը կյանքի կոչվի, այն չեղարկում են։ Մխիթարյանը կարծում է, որ հավանաբար, այդպես ավելի հեշտ է` գլխացավանքից հեռու կլինեն, քանի որ անգամ հանրային քննարկում չի կազմակերպվել և կառավարության նիստի ժամանակ էլ ծածկադմփոցի նման ջնջել են օրենքից այդ կետը` չզեկուցվող հարցերի շարքում ներառելով։


Սա, ըստ Մխիթարյանի, վերջին տարիների մեր երկրի քաղաքականությունն է, որը «հոյակապ» կերպով իրականացվում է։ Փորձագետը նշում է, որ սրա դեմ հակազդեցություն էլ կա` ակտիվացել է «Գիտուժ» նախաձեռնությունը, որտեղ ընդգրկված են ՏՏ ոլորտի մասնագետներ, գիտնականներ, ասպիրանտներ, որոնք պայքարում են, որպեսզի գիտության ֆինանսավորումը պետբյուջեից ավելանա։

«Գիտությունը Հայաստանում գոյատևում է միայն իներցիայով, քանի որ ֆինանսավորումը շատ քիչ է։ Գիտության ֆինանսավորումը Հայաստանում շատ ավելի քիչ է, քան աֆրիկյան փոքր երկրներում, օրինակ, Բուրկինա Ֆասոյում։ Չնայած դրան, բնագիտության և տեխնոլոգիաների բնագավառում տպագրված հոդվածների թվով Հայաստանն աշխարհում 18-րդ տեղն է զբաղեցնում։ Սակայն եթե մի քանի տարի էլ այս նույն քաղաքականությունը վարեն, դա էլ չենք ունենա»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` հիմա հետևողականորեն «բնաջնջում» են գիտությունն ու գիտնականներին, և եթե սկզբում կարելի էր մտածել, թե չհասկանալով է նման քաղաքականություն վարվում, սակայն տեսնելով Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ վերաբերմունքը, գիտական երկրորդ աստիճանը վերացնելու փորձերը, համոզվում ես` դիտմամբ է արվում։

Ատոմ Մխիթարյանը կոչ է անում գիտնականներին ու մտավորականներին իրենց ձայնը բարձրացնեն և այս քաղաքականության դեմն առնեն։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page