top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՏՏ ոլորտին սուբսիդիայի տեսքով թթվածին կտրվի. Վահան Քերոբյան


Հիմա ինտենսիվ քննարկումների մեջ ենք ՏՏ ոլորտի ընկերությունների և կառավարության հետ, ամեն ինչ անում ենք, որ մինչև շաբաթվա վերջ որոշումը կայացվի և ՏՏ ընկերություններին վերադարձվի եկամտահարկը․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի հանդիսությանը: «Մենք առաջարկել ենք, սուբսիդիայի տեսքով, որոշակի թթվածին տալ ՏՏ ընկերություններին, առաջարկվում է ՏՏ ընկերություններին վերադարձնել եկամտահարկն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածի համար, իհարկե խոսքը վերաբերում է միայն այն ընկերություններին, ում եկամտային կառուցվածքում արտահանումը զգալի տեղ ունի: Հիմա ինտենսիվ քննարկումների մեջ են ՏՏ ոլորտի ընկերությունների և Կառավարության հետ, ամեն ինչ անում ենք, որ մինչև շաբաթվա վերջ որոշումը կայացվի »,-ասաց նա: Հիշեցնենք, որ վերջերս ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դեռևս 5 ամիս առաջ են բարձրաձայնել դոլարի արժեզրկման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել: Նրանք տեղեկացրեցին, որ մշակվել է մի նախագիծ, համաձայն որի նախատեսվել է ՏՏ ընկերություններին փոխհատուցել եկամտահարկի վերադարձով՝ այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, սակայն նախագիծն այդպես էլ կառավարության նիստ չի մտել: «Փոխհատուցման չափը շատ մեծ է բյուջեի համար: Գնահատվում է, որ դա կարող է լինել 15-25 մլրդ դրամի չափով մի քանի ամիսների համար: Քանի որ գումարը մեծ է, որոշման լրջությունն էլ է մեծ և անհրաժեշտություն կա ճիշտ կշռադատել: Մենք հասկանում ենք, որ ոլորտը տուժում է ոչ միայն դրամի արժեւորումից, այլև ՏՏ ոլորտում համաշխարհային ճգնաժամից։ Աշխարհի խոշորագույն ընկերությունները մեծ վնասներ են կրում: Օրինակ՝ Amazon-ն արդեն 1 տրլն դոլար է կորցրել: Այո, մենք կուզեինք, որ ավելի արագ լիներ, բայց կան ընթացակարգեր, որոնք պետք է պահպանել: Կարծում եմ՝ արդեն մի քանի օրվա հարց է», – ասաց նա:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page