Հայկական Փի Ար ասոցիացիան տոնում է հիմնադրման 15-ամյակը
- Anews
- Mar 28, 2021
- 1 min read

Armenian PR Association-ը 15 տարեկան է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Նա մասնավորապես նշել է. «2006 թվականի մարտի 27֊ին պաշտոնապես գրանցվեցինք որպես հասարակական կազմակերպություն։15 տարիների ընթացքում մենք միշտ առաջ ենք նայել։
Մեր բոլոր ծրագրերը բխել են հասունացած գաղափարներից, մեր նախաձեռնությունները նպաստել են, որպեսզի հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչները կրթվեն, ինքնադրսևորվեն, ինքնահաստատվեն, խրախուսվեն և ոգևորվեն։
Մենք գրագետ հաղորդակցման ջատագովներ ենք, մենք մերժում ենք բոլոր բացասական երևույթները, մենք գիտական մոտեցմամբ նպաստում ենք պրոֆեսիոնալ մասնագետների կայացմանը։
Հայկական Փի Ար ասոցիացիան ստեղծագործ, թիմային մտածողությամբ, ազգային արժեքների կարևորմամբ, արհեստավարժ մասնագետների, փորձագետների համախումբ է։
Ես հպարտ եմ, որ կազմակերպության ստեղծման առաջին օրվանից մեզ հետ ճանապարհ են անցել բազմաթիվ մարդիկ, ովքեր կարևորել են հանրային կապերի ոլորտի զարգացումը։
Մենք երբե՛ք կանգ չենք առել, մենք երբե՛ք թույլ չենք տվել սխալներ, որոնք կստվերեն մեր հեղինակությունը։
Մենք միշտ աջակցել և օգնել ենք, մենք շատերի համար դարձել ենք խորհրդատու և հենասյուն։
Մենք երկիրը հավուր պատշաճի ներկայացրել ենք միջազգային հարթակներում, իրականացրել ենք բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, միջոցառումներ, մասնագիտական քննարկումներ և արշավներ։
Չեմ ուզում գրել երկրում տեղի ունեցող տխուր երևույթների մասին, բայց վստահ եմ, որ Հայաստանը հաստատ կհաղթահարի երկրում հասունացած ճգնաժամը, եթե բոլորս մեր գործն անենք, ինչպես հարկն է։
Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ առնչվել են մեզ հետ, հարյուրից ավելի մեր անդամներին, երկու հարյուրից ավելի Armenian PR School-ի շրջանավարտներին, այսօրվա կազմակերպության վարչության կազմին, մեր բոլոր անշահախնդիր ուսուցանողներին, բանախոսներին և դասախոսներին, բոլոր ծրագրերի մասնակիցներին։
Հաղորդակցությունը հզոր գործիք է, կրթությունը` գիտելիք և հմտություն ձեռքբերելու հնարավորություն։
Մենք ուժեղ ենք, երբ համախումբ ենք»։







Comments