top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԽԵԿ համարակալումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում



Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման մասին անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ապագա մասնագետները կստանան արդեն համալսարանում։

Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում դասընթացը կրթական ծրագրի մաս կկազմի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բոլոր այն ֆակուլտետներում, որտեղ դասավանդվում են «Անասնաբուծություն» և «Անասնաբուծության հիմունքներ» առարկաները։

Մորֆոլոգիայի և կենտդանագիտության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը կարևոր է համարում ծրագրի իրականացումն ու դրա ուսուցանումը և՛ սննդի անվտանգության, և՛ տոհմային աշխատանքի իրականացման տեսանկյունից։ «Մենք ունենք պայմանավորվածություն այն մասին, որ ապագայում պիտի միանանք ԵԱՏՄ երկրների տոհմային կենդանիների ռեստրներին։ Դա անհնար է անել առանց կենդանիների համարակալման ու հաշվառման։ Իսկ դասընթացի պարտադիր լինելը կօգնի ապագա մասնագետներին, ունենալ արդի նվազագույն գիտելիքներ և պատրաստվածություն արտադրությունում կամ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված լինելու ժամանակ»,- նշում է Չիթչյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը նշեց՝ արդեն սկսել են համարակալել նաև հորթերին։

Նրա խոսքով, հանրապետությունում այս պահի դրությամբ արդեն համարակալվել է 520 հազարից ավելի խոշոր եղջերավոր կենդանի։ Սա խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ մշակվող, փորձնական տարբեր փուլեր անցած ծրագիրն արդեն իրականություն է դարձել։

«Հաշվառման տվյալները մենք արդեն իսկ օգտագործում ենք հաջորդ տարվա պատվաստումները և իրականացվելիք միջոցառումները պլանավորելու համար։ Սա մեզ համար տեղեկատվության մեծ աղբյուր է»։

«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» համապետական ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերին։ Այն վերաբերում է Հայաստանի բոլոր համայնքների անասնատերերին ու ֆերմերներին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page