top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Բյուրականում կանցկացվի «Jazz Business» միջոցառումը



Բյուրականում օգոստոսի 27-ին կանցկացվի բիզնեսը, կրթությունը, մշակույթն ու սոցիալական բաղադրիչները մեկ տեղում միավորող «Jazz Business» միջոցառումը, որի կարգախոսն է՝ «Միայնակ հաջողության չես հասնի»։

Այն ենթադրում է թրեյնինգներ, քննարկումներ, համերգային ծարգիր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում գրող, «Գրքատուն» գրախանութի և հրատարակչության տնօրեն Արմեն Նիազյանը նշեց, որ նպատակն է դասընթացներում ներգրավել երիտասարդներին, հասանելի դարձնել ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, ներկայացնել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ուղղությունները։


«Ունենալու ենք 8 բանախոս, որոնք խոսելու են նեթվորքինգից, գործարարությունից, մարքեթինգից, արհեստական բանականությունից, հաղորդակցման հմտություններից և այլ թեմաներից։ Խոսնակների բիզնես դասընթացները համեմելու ենք երեկոյան սպասվող ջազային համերգով՝ հյուրընկալելով սիրված և ճանաչված Մալխաս ջազ տրիո բենդին»,-ասաց Արմեն Նիազյանը։

«ReArmenia» համագործակցության հարթակի բիզնես նախագծերի փորձագիտական խմբի ղեկավար, «Բիզնեսի աջակցման կենտրոն»-ի հիմնադիր Սամվել Գևորգյանի խոսքով՝ միջոցառումն ունենալու է նաև սոցիալական բաղադրիչ։ Ստացված հասույթն ուղղվելու է մի քանի սոցիալական նախագծերի, ինչպիսիք են՝ «ReArmenia»-ի «ՄետաԳեյթ» նախագիծը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար հենաշարժողական համակարգեր գնելուն։

«Ապահովվելու է նաև «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի շահառուների և մարզերից, սահմանամերձ շրջաններից 200 երիտասարդների անվճար մասնակցություն։ Սա լավ հնարավորություն է երիտասարդների համար տեղում շփվել տարբեր ոլորտների մասնագետների հետ, ծանոթանալ ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, նոր կապեր ձեռք բերել»,-ասաց Սամվել Գևորգյանը։

«Targeting» և «Simple Business Academy» ընկերությունների համահիմնադիր տնօրեն Գոռ Կարապետյանը նշեց, որ աշխատաշուկան արագ փոփոխվում է, առաջ են գալիս նոր պահանջներ ու հնարավորություններ ու այդ համատեքստում կարևորվում են կրթական ծրագրերը։

«Կա այսպիսի մի վիճակագրական տվյալ, որ այսօր դպրոց ընդունվող երեխաների զգալի հատվածն ապագայում այնպիսի մասնագիտություններով է աշխատելու, որոնք դեռ գոյություն չունեն։ Սա խոսում է սպասվող արագ փոփոխությունների մասին։ 15 տարի հետ մենք ունենալու ենք փոփոխված աշխարհ ու այսօր արդեն դա սկսվել է արհեստական բանականությամբ, բիզնեսի ավտոմատացմամբ, տեխնոլոգիական զարգացմամբ։ Դինամիկ փոփոխությունները ենթադրում են որակյալ կրթություն, հմտությունների փոխանցում։ Մեր խոսնակները ոչ ֆորմալ կրթության մեջ ունեն մեծ ներդրում։ Մեր առօրյա գործունեության մեջ մենք պարտադիր դա շեշտադրում ենք։ Տեսնում ենք, որ մեր երկրում կրթական բացեր կան, ու ահա մեր միջոցառումը այդ բացերը փոքր ինչ լրացնելու առիթ է»,-ասաց Գոռ Կարապետյանը։

«Karapp» ընկերության գործադիր տնօրեն Շավարշ Կարապետյանի խոսքով՝ հաճախ են վերապատրաստման դասընթացներ կազմակերպում ու նկատվում է, որ անընդհատ կրկնվող դեմքեր են լինում, միևնույն շրջանակն է ներգրավվում։ Այս անգամ խնդիր են դրել ներգրավել երիտասարդների, որոնք ամենաքիչն են հաղորդակից լինում նման թրեյնինգների։

«Դա կլինի ջազի միջոցով, երեխաներին ու պատանիներին մարզերից բերելու, նշանավոր դեմքերի ներգրավելու միջոցով, մենք ցանկանում ենք երիտասարդներին հաղորդակից դարձնել այս ամենին Մենք բոլորս էլ գիտենք, թե կրթական ոլորտում ինչ խնդիրներ կան, ահա մեր միջոցառումը մի փոքրիկ քայլ է, որն ուղղված այդ խնդիրների մասամբ լուծմանը՝ այն է պատանիներին ու երիտասարդներին մոտեցնել կրթությանը։ «Karapp» ընկերության կողմից ունենք որոշում, որ մասնակիցներին 6 ամիս ինքնակրթվելու անսահմանափակ հնարավորություն կտանք «Karapp» կրթական աուդիո հավելվածի միջոցով»,-ասաց Շավարշ Կարապետյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page