FYCA-ն տոնեց հիմնադրման 27-ամյակը․ 27 տարվա պատմություն, արժեքներ և նոր սերունդների ճանապարհ
Նոյեմբերի 10-ը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ծննդյան օրն է։ Այս տարի կազմակերպությունը նշում է հիմնադրման 27-ամյակը՝ ամփոփելով անցած տարիների ձեռքբերումները, վերհիշելով համատեղ անցած ճանապարհը և նոր սերունդներին փոխանցելով իր առաքելությունը շարունակելու խորհրդանշական դրոշը։
Երիտասարդական ակումբների դաշնությունը, որի հիմնադիրը Ատոմ Մխիթարյանն է, արդեն 27 տարի հավատարիմ է իր առաքելությանը՝ ստեղծելով այնպիսի միջավայր և հնարավորություններ, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ կարող է կրթվել, զարգանալ, ձեռք բերել նոր կարողություններ ու հմտություններ, ինքնադրսևորվել և հաղորդակից դառնալ ազգային ու մշակութային արժեքներին։
Այս տարիների ընթացքում FYCA-ն համախմբել է Հայաստանի ողջ տարածքում գործող ավելի քան հարյուր երիտասարդական կազմակերպություններ, կենտրոններ, ակումբներ և նախաձեռնություններ։ Կազմակերպությունն իրականացրել է բազմաթիվ տեղական ու միջազգային կրթական, երիտասարդական և միջմշակութային հաղորդակցության ծրագրեր, կազմակերպել ֆորումներ, սեմինարներ և ուսուցողական հանդիպումներ։
Հոբելյանական միջոցառման ընթացքում կազմակերպության հիմնադիր Ատոմ Մխիթարյանը շնորհավորեց ներկաներին 27-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ անցած տարիները ոչ թե կանգ առնելու, այլ նոր նպատակներով առաջ շարժվելու և գործունեությունն առավել ընդլայնելու հիմք են։
Նա ներկայացրեց նաև կազմակերպության խորհրդանշական դրոշները՝ նշելով, որ դրանք պետք է փոխանցվեն նոր սերունդներին, որպեսզի երիտասարդները վերցնեն այդ դրոշներն ու շարունակեն սկսված ճանապարհը՝ նոր գաղափարներով և նախաձեռնություններով։
27 տարիների ընթացքում FYCA-ն իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր, որոնք նպաստել են երիտասարդների զարգացմանը, ինչպես նաև առաջնորդական ու կազմակերպչական հմտությունների ձևավորմանը։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է հզոր համայնք, որը միավորում է հազարավոր երիտասարդների Հայաստանից և Սփյուռքից։
Հոբելյանի առթիվ կազմակերպվել էր առանձնահատուկ հանդիպում՝ համախմբելով տարբեր տարիներին FYCA-ի գործունեությանն առնչված երիտասարդներին։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները ներկայացան, կիսվեցին իրենց հիշողություններով և պատմեցին դաշնության հետ անցած ճանապարհի, ձեռքբերումների ու անմոռանալի պահերի մասին։
Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը՝ Փիթեր Ջեմը։ Նա ներկաների հետ կիսվեց իր գաղափարներով և շնորհավորեց դաշնությանը հիմնադրման 27-ամյակի առթիվ՝ նվիրելով իր կազմակերպության պատկերանշանով շապիկ։
Փիթեր Ջեմը նշեց, որ իր կազմակերպության հիմնադրման գործում կարևոր դեր է ունեցել նաև FYCA-ի հիմնադիր Ատոմ Մխիթարյանը, որի ոգևորությունն ու աջակցությունն իրեն ներշնչել են Ամերիկայում սեփական կազմակերպությունը ստեղծելու գաղափարը։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Նա ընդգծեց FYCA-ի կարևոր դերակատարությունը երիտասարդների կյանքում՝ նշելով, որ կազմակերպությունը տարիների ընթացքում դարձել է ակադեմիական միջավայր ձևավորող կառույց։
«FYCA-ն իր կառուցվածքային առումով առանձին պետություն է»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը՝ անդրադառնալով կազմակերպության ինքնատիպությանը, ներքին կազմակերպվածությանն ու տարիների ընթացքում ձևավորված համայնքին։
Տոնական միջոցառումն ուղեկցվեց նաև երաժշտական կատարումներով։ Հանդիսատեսի առջև ելույթ ունեցան FYCA բենդի մեներգչուհիներ Լիլիթ Հովակիմյանն ու Մարիամ Գրիգորյանը՝ տոնական տրամադրություն հաղորդելով հոբելյանական հանդիպմանը։
FYCA-ի 27-ամյա պատմությունը պարզապես անցած տարիների հաշվարկ չէ։ Այն մարդկանց, գաղափարների, նախաձեռնությունների, ընկերության և արժեքների պատմություն է, որի շարունակությունը վստահված է նոր սերունդներին։ Նոյեմբերի 10-ը ևս մեկ առիթ էր վերամիավորվելու, արժևորելու անցած ճանապարհն ու նոր եռանդով շարունակելու երիտասարդների համախմբման և զարգացման առաքելությունը։




Comments