Facebook-ի լրահոսը՝ սեփական բառերով․ ինչպես է աշխատում Your algorithm-ը

Facebook-ը ներկայացրել է լրահոսի և Reels-ի առաջարկությունների վրա ազդելու նոր գործիքներ։ Օգտատերը կարող է սեփական բառերով նշել, թե ինչ թեմաներ է ցանկանում ավելի շատ կամ ավելի քիչ տեսնել, հայտնել է Meta-ն հոկտեմբերի 13-ի հայտարարությամբ։
Your algorithm բաժինը թույլ է տալիս ավելացնել և կառավարել հետաքրքրող թեմաները։ Այն հասանելի է հրապարակումների երեք կետով բացվող ընտրացանկից, որը նույնպես թարմացվել է՝ անհատականացման գործիքներն ավելի հեշտ գտնելու համար։
Փոփոխությունը վերաբերում է նաև հետադարձ կապին։ «Հետաքրքրում է» կամ «Չի հետաքրքրում» ընտրելուց հետո հարթակը կարող է լրացուցիչ հարցնել՝ կոնկրետ ինչն է դուր եկել կամ հակառակը։ Պատասխանը հնարավոր է ձևակերպել ազատ տեքստով։
Ընկերության բացատրությամբ՝ լեզվային մոդելներն օգնում են հասկանալ այդ պատասխանների համատեքստը, իսկ առաջարկությունները կարող են փոխվել նույն օգտագործման ընթացքում։ Սա չի նշանակում, որ դիտումների, հավանումների կամ այլ գործողությունների ազդակները դադարում են հաշվի առնվել։
Բովանդակություն ստեղծողների համար փոփոխությունն ընդգծում է թեմայի հստակության կարևորությունը․ օգտատերերին ավելի անմիջական միջոց է տրվում կառավարելու իրենց հետաքրքրությունների շրջանակը։ Հայտարարությունը Հայաստանի համար առանձին հասանելիության ժամկետ չի նշում։




Comments