Համարակալման ծրագիրը առաջին հերթին նպաստելու է համաճարակային իրավիճակի բարելավմանը․ Խոջոյան

2022 թ-ի Նոյեմբերին մեկնարկել է կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման փուլը։ Ծրագրի մեկնարկից սկսած համարակարվել է մոտ 100 հազար կենդանի։
«Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի մասին քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց․ «Իհարկե, երբ մենք խոսում ենք ծրագրի մեկնարկից, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մինչև մեկնարկը բազմապիսի աշխատանք է իրականացվել վերապատրաստելու անասնաբույժներին համաճարակաբաներին, կրթելու նաև մեր աշխատակիցներին, թե ինչով է համակարգը կարևոր՝ ձևավորվել և մշակվել է օնլայն համակարգ, որտեղ ներմուծվելու են այդ բոլոր հաշվառված կենդանիները»։ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ համարակալման ծրագիրը առաջին հերթին նպաստելու է համաճարակային իրավիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը, և արդյունաբերության զարգացմանը։
Ըստ նրա՝ շատ կարևոր է ունենանալ հետագծելի սննդամթերք։ «Այսուհետ համարակալված կենդանիները կունենան հետագծելիություն, սա ամենակարևորն է։ Այն կնպաստի, որ զարգանա տեղի արդյունաբերությունը և անասնապահական ոլորտը»։
Խոջոյանը կարևոր փաստ նշեց, որ մինչև ծրագրի մեկնարը խորը ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը։ «Ընտրվել է ավստրիական փորձը, որը մեր դիտարկմամբ ամենահաջողներից է, և առավել հնարավոր կիրառելին է Հայաստանում», - ասաց նա։
2020-ից մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը և այս տարի արդեն 13 մշակաբույս ապահովագրվել է 4 ռիսկերից։ Կենդանիների համարակալման ծրագիրը նույնպես հնարավորություն կտա ապահովագրությունը իրականացնել հասարակության բոլոր կողմերից։
Քննարկմանը հյուրընկալվել էր նաև Ավստրիական զարգացման գործակալության տնօրեն Կլաուս Կապերը։
Նա շնորհավորեց, որ Հայաստանում ստեղծվում է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը։ «Տվյալ պահին սննդի անվտանգությունը լրջագույն մարտահրավերներից է, որի հետ բախվել է անբողջ աշխարհը։ Մեր համագործակցությունը իր դերը ունի սննդի և պարենային անվտանգության, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներկայացման բնագավառում», - ասաց նա։
Կլաուս Կապերը ներկայացնեց Ավստրիական զարգացման գործակալության գործունեությունը Հայաստանում․ «Հայաստանը Ավստրիայի հետ սերտ համագործակցող իննը երկրներից մեկն է։ Մեր համագործակցությունը սկսվել է դեռ Գյումրիի երկրաշարժից անմիջապես հետո և սերտ շարունակվում է, 2011 թ-ից՝ պաշտոնական ձևաչափով։ Մեր երկու երկրները ստորագրել են հատուկ պայմանագիր, որը ձևակերպում է մեր համագործակցության ռազմավարության շրջանակները մինչև 2024 թվականը»։
«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Commentaires