top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այստեղ անհավասար պայմաններ կարող է առաջանալ գիտության տարբեր ուղղությունների միջև. Մխիթարյան


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված է «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Մասնավորապես, ըստ նախագծի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝

1) գիտական կամ գիտատեխնիկական գործունեության առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, գիտական աստիճան, գյուտի արտոնագիր, կամ գիտության բնագավառում պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ունենալը և վերջին տասը տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն հինգ գիտական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ հանդիսանալը,

2) հայկական մշակույթի տարածման և զարգացման գործում նշանակալի ներդրումը, մշակույթի, արվեստի հայ գործիչների կամ կազմակերպությունների հետ տևական ակտիվ համագործակցությունը, հայկական մշակույթի պահպանման գործում նշանակալի մասնակցությունը, հասարակական և բարեգործական գործունեությունը, դիմողի միջազգային ճանաչելիությունն ու հեղինակությունը, որը կարող է կիրառվել ի շահ հայկական մշակույթի միջազգային դիրքի ամրապնդմանն ու հանրահռչակմանը,


3) հայագիտության զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալը, բարերարությունը, տևական ժամանակ հայապահպան գործունեությունը, զգալի ներդրումներ կատարելը, համաշխարհային հեղինակավոր, բարձր վարկանիշավորում ունեցող մրցույթներում, փառատոններում մրցանակային տեղեր զբաղեցնելը, նորարարական-փորձարարական նախագծեր իրականացնելը և էական արդյունքներ գրանցելը, հայապահպանությանը նպաստելը կամ ի շահ Հայաստանի Հանրապետության գործելը: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը նախագիծը որակեց որպես նախադեպը չունեցող, քանի որ նախկինում, ըստ նրա՝ նման բան չի եղել: Բայց միեւնույն ժամանակ հետեւյալը նշեց. «Սա ինչ-որ տեղ գալիս է փոխարինելու գիտական երկրորդ աստիճանին: Նախագծի կետերից մեկում գրված է, որ թեկնածուն պետք է ունենա հեղինակավոր շտեմարաններում հրապարակված առնվազն 5 հոդված: Ժամանակին, երբ ԲՈՀ-ում փոփոխություններ եղան գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում, այս կետը մտավ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ: Սա վերաբերվում էր այն մարդկանց, որոնք ուզում էին գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալ: Հիմա շրջանառության մեջ է Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքը, որտեղից, ըստ էության, հանված է երկրորդ գիտական աստիճանը, որովհետեւ գիտությունների թեկնածուն նախագծում փոխարինվում է դոկտորով, եւ երկրորդ գիտական աստիճանը չկա: Այսինքն. այդ պահանջը, որ առաջարկել էինք, եւ կառավարության որոշմամբ մտել էր համապատասխան կանոնակարգի մեջ գիտական աստիճանաշնորհման, ըստ էության, դուրս է գալու: Ու քանի որ այստեղ նույն պահանջի ձեւակերպմամբ այդ 5 տպագրված աշխատանքի պահանջը կա, ենթադրվում է, որ համանմանության, զուգահեռության կարգով ուղղակի ներառել են այս նախագծում»: Կրթության փորձագետի ձեւակերպմամբ. «Սա մաքուր գիտական պահանջ է, եւ նշանակալի ավանդի նկարագրության մեջ մի քիչ դժվար է շատ հստակ չափանիշներ գրելը, որովհետեւ նշանակալի ավանդը ավելի շատ ժողովրդականությունն է, ազդեցությունը: Կան բնագավառներ, որտեղ այդ 5 հոդվածները եւ գիտական աստիճանը չես կարող ունենալ, եթե չես զբաղվում այնպիսի գիտություններով, ինչպիսիք են՝ ֆիզիկան, կենսաբանությունը, քիմիան, մաթեմատիկան: Մնացած բնագավառներում Հայաստանում շատ քիչ գիտնականներ կան, որ կարողանում են այս չափանիշները բավարարել: Այստեղ անհավասար պայմաններ կարող է առաջանալ գիտության տարբեր ուղղությունների միջեւ, ինչը շատ անցանկալի է: Ինձ թվում է՝ պետք է հստակություններն այս նախագծից հանել, օրինակ` այդ 5 թիվը, եւ ուղղակի բազմաշերտ հանձնաժողովը որոշի՝ հաշվի առնելով ոչ միայն դա, այլեւ հազար ու մի տեսակ չափանիշներ, եւ դրանով գնահատումը լինի»:


Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page