Հայաստանի ու Մարսի հետազոտություններում տևական ազդեցության մասին
3 տարվա նախապատրաստական աշխատանքներ, 6 անալոգային տիեզերագնացներ, 13 փորձարկումներ և 250 ներգրավված գիտնականներ․ մեկ ամիս շարունակ Հայաստանը հայտնվեց Մարսի հետազոտական աշխարհի ուշադրության կենտրոնում՝ հյուրընկալելով Մարսի 14-րդ միջազգային առաքելությունը՝ «AMADEE-24»-ը: Վերջինիս կազմակերպիչներն էին «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում էր «Ավստրիական տիեզերական ֆորումը»։ «Ավստրիական տիեզերական ֆորումի» նախագահ Գերնոտ Գրյոմերի հետ զրուցել ենք դեպի Հայաստան ճանապարհորդության, առաքելության կարևորության և Հայաստանի ու Մարսի հետազոտություններում տևական ազդեցության մասին։
Դեպի Հայաստան, կամ մեկ քայլով ավելի մոտ Մարսին
Գիտեմ, որ հայերը սփռված են աշխարհով մեկ (Խմբ․-ժպտում է), և Հայաստանի մասին մենք իմացանք Եվրոպական Տիեզերական Գործակալության հայ հետազոտողից։ Սկսեցինք մեր հետախուզական արշավներն ու ուսումնասիրեցինք տարբեր տեղանքներ, խորհրդակցեցինք հայ երկրաբանների հետ, գնահատեցինք առաքելության անցկացման համար տասնյակից ավել հնարավոր վայրեր՝ հիմք ընդունելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են նյութատեխնիկական ապահովումը, մատչելիությունը և տեղանքի վերաբերյալ ողջ մանրամասները։ Վստահ եմ՝ բոլորն էլ գիտեն, թե ինչ է տեղի ունենում, երբ երեխաների հետ գնում ես խաղալիքների խանութ։ Նրանք մեծ ոգևորությամբ մատնացույց են անում մի բանի վրա, հետո մեկ ուրիշի, ասելով՝ սա իմ ուզածն է, հետո մեկ րոպե անց փոխում իրենց միտքը՝ ոչ, սա է իմ ուզածը։ Նման մի բան էլ ինձ հետ տեղի ունեցավ Հայաստանում։ Սովորաբար, երբ մեր փորձառու հետախույզների թիմը հետազոտում է փորձարկման հնարավոր վայրերը, մենք արդեն պատկերացնում էինք, թե որտեղ կարող է կայանը լինել: Մոտ տասը վայրեր գնահատելուց հետո մենք, ի վերջո, հաստատվեցինք Արմաշում, քանի որ դա հենց այն էր, ինչ փնտրում էինք: Սա նման էր ապագային հայացք նետելուն, ինչն ամենահետաքրքիրն էր, որովհետև երբ ունենում ես այդ ներքին զգացողությունը, մնացած ամեն բան իր տեղն է ընկնում։
Մեր ճանապարհորդությունը դեպի անալոգային հետազոտություններ սկսվեց 2003 թվականին։ Ավելի քան 20 տարի առաջ մենք հասկացանք, որ մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելությունների համար մեզ օպերատիվ հետազոտություններ են անհրաժեշտ։ Հասկացանք, որ ժամանակն է դաշտ մուտք գործել մեր ակտիվներով ու արագ սովորել։ Մեր առաջնային նպատակը դարձավ ոչ թե մարտահրավերներից ու սխալներից վախենալը, այլ դրանք ընդունելն ու շարունակաբար սովորելը: «Ձախողել արագ, ձախողել էժան և շատ սովորել»,- այս փիլիսոփայությամբ ենք մենք առաջնորդվում։
Նախագծում, կառուցում, կիրառում, ավելի շատ ու ավելի հաճախ կիրառում, վերանախագծում, կրկնություն. այս շարունակական և կախարդական անիվն էր, որ մեզ մղեց դեպի Մարսի 14-րդ միջազգային առաքելությունը՝ «AMADEE-24», որն այս անգամ անցկացվեց Հայաստանում։
Ինչու՞ հենց Հայաստանը «AMADEE-24»-ի համար
Ծրագրի մեկնարկը տրվեց դեռևս երեք տարի առաջ, երբ մենք փնտրում էինք «AMADEE-24»-ը հյուրընկալող աշխարհի տարբեր պոտենցիալ երկրներ։ Հայաստանի ընտրության հիմքում երկու գործոն կար․ նախևառաջ, երկրաբանական տեսանկյունից Հայաստանի հարավային շրջանները նման են մարսյան տեղանքին, որտեղ կան մարսյան քամիներ և լանդշաֆտներ։ Երկրորդ գործոնն այն է, որ մենք նախընտրում ենք համագործակցել այնպիսի երկրների հետ, որոնք կարևորում են նորարարությունն ու առաջընթացը։ Տիեզերագիտության ոլորտում Հայաստանի ժառանգությունը, հիմնարար գիտելիքները, դեպի նորարարության ձգտումը մեզնից հավելյալ ջանքեր չէին պահանջում այստեղ կրթական և իրազեկվածության գործողություններ ձեռնարկելու։
«AMADEE-24»-ը՝ միասնական ճանապարհ
Մենք հպարտ ենք, որ ծրագիրն այս տարի հենց Հայաստանում իրականացավ։ Սա միասնական ճանապարհորդություն էր «Հայկական տիեզերական ֆորումի» և «Հայկական աերոտիեզերական գործակալության» հետ։ Բայց այն ամենի հետևում, ինչ տեսանելի է (անալոգ տիեզերագնացներ, կայաններ, առաքելության անցկացման վայրեր և ռոբոտատեխնիկա) թաքնված են իրական know how-ն, որոշումների կայացման գործընթացները, Առաքելության աջակցության կենտրոնի աշխատանքը, ինչպես նաև հայկական կողմի կազմակերպչական ներդրումները։
Մյուս անտեսանելի կողմերից էին «Ավստրիական տիեզերական ֆորումից» Հայաստան տիեզերական սարքավորումների ամեն տեղափոխության համար անհրաժեշտ գործընթացները, ինչպես նաև անալոգ տիեզերագնացների մեկամսյա մեկուսացման ազդեցությունը հենց իրենց վրա և սեփական յուրահատուկ փորձառությունը։
Այս առաքելությունը յուրահատուկ էր իր մասշտաբով․ այն մեր կազմակերպած ամենամեծ առաքելությունն էր թե՛ իր բարդությամբ և թե՛ հաբիթաթի մեծությամբ։ Հայաստան-Ավստրիա այս սերտ համագործակցությունը բազմաթիվ կապերի և ընկերության հիմք հանդիսացավ՝ ընդգրկելով գիտական և ինժեներականից մինչև դիվանագիտական և մշակութային ոլորտներ։
Համագործակցության ընթացքում մեզ համար առաջնային էր գիտելիքի փոխանակումը։ Վերապատրաստելով հայ մասնակիցներին՝ մենք նպատակ ունեինք հնարավորություն տալ նրանց շարունակել այս աշխատանքը մեր մեկնելուց հետո ևս։ Մեր նպատակն էր նրանց զինել կիրառվող տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներով, ինչը նման է ցույց տալուն, օրինակ, թե իրականում ինչ տեխնիկական գործընթացներ ու նրբություններ են թաքնված արտաքինից գեղեցիկ ու գրավիչ սպորտային մեքենայի կաղապարի տակ։
Այսպիսով, մենք արեցինք հնարավորը՝ խթանելու այս ոլորտը Հայաստանում։
Բացահայտելով Հայաստանը
Իսկապես, տպավորված եմ հայերի հյուրընկալությամբ․ համեղ խոհանոցից և նրբաճաշակ գինիներից մինչև այն նրբանկատությունն ու ուշադրությունը, երբ տանտերերը ցանկանում են համոզվել, որ մենք՝ հյուրերս հոգնած չենք։ (Խմբ․-ծիծաղում է)։
Ավելին, ես խորապես տպավորված եմ այն հարուստ մշակութային ժառանգությամբ, որը գոյատևել է հազարավոր տարիներ՝ չնայած բազմաթիվ դժվարություններին և աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Նման եզակի և խորը արմատավորված մշակույթը պահպանելու կարողությունը նպաստել է հասարակական նշանակալի համախմբվածության: Դրա օրինակն է այս շատ ուժեղ և շատ հայրենասեր համայնքը։
Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի մշակութային ժառանգության նշանակալի մասը գիտական ժառանգությունն է։ Մեծ պատիվ է, որ մենք առաջինը չենք, ովքեր Հայաստան բերեցին տիեզերական հետազոտությունները․ արդեն մի քանի տասնամյակ է՝ այն արմատացած է հայկական ինովացիոն մշակույթում։ Վստահ եմ՝ շատերը տեղյակ են, որ առաջին մարսագնացը ստեղծվել է հայ հետազոտողների և գիտնականների ղեկավարությամբ։ Մենք համոզված ենք, որ մարդու առաջին առաքելությունը դեպի Մարս տեղի կունենա մոտ ապագայում՝ 20-30 տարիների ընթացքում։ Սա նշանակում է, որ Մարսի վրա առաջին անգամ ոտք դնողն արդեն իսկ ծնվել է, և գուցե սովորում է Արմաշի կամ Երևանի դպրոցներից մեկում։
Ապագայի հետքերով
Թեև ես տեսել եմ հայկական նորարարական մշակույթի մի փոքրիկ մասը, բայց կարող եմ փաստել, որ անալոգային հետազոտություններն այստեղ զարգացում են ապրում՝ խոստանալով նորանոր համագործակցություններ ու մասնակցություններ ապագա առաքելություններին։
Այս առաքելության յուրահատկությունն իր իրական լինելն էր։ Սա խաղ չէ, և ոչ էլ բարձր «տեխնոլոգիական ներկայացում». սա իրականություն է։ Ինչպիսին էլ դեպի Մարս տանող ճանապարհը լինի, հայկական ԴՆԹ-ն դրա մի մասը կկազմի, և այդ գեղեցիկ ճանապարհորդությունը կներկվի նաև հայկական դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։
Արդեն 2025 թվականի սեպտեմբերին տեղի կունենա հետաքրքիր մի իրադարձություն՝ Աշխարհի ամենամեծ անալոգը (WBA), որը գլխավորում են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան` սինխրոնիզացնելով աշխարհում տեղի ունեցող անալոգային ամենամեծ առաքելությունների հաբիթաթները։ Մոտ մեկ տասնյակ կայաններով և մոտ 100 անալոգային տիեզերագնացներով «Ավստրիական տիեզերական ֆորումը» կհյուրընկալի առաքելության աջակցության կենտրոնին: Ես մեծ հույս ունեմ, որ Արմաշի անալոգային հետազոտական կայանը կմիանա այս պատմական նախաձեռնությանը:
Գլխավոր նկար - (c) Juyia/ArmSpaceForumՆկար 1 - (c) Juyia/ArmSpaceForumՆկար 2 - (c) Alexander Patrin
Աղբյուր` news.am
Comments