top of page

Թամարա Թովմասյանի «Հայոց լեզու 10» մեթոդական ձեռնարկը պատրաստ է

  • Anews
  • May 7, 2022
  • 3 min read

«Հայոց լեզու, 10-րդ դասարան» մեթոդական ձեռնարկն արդեն պատրաստ է ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչների համար: Այս մասին Anews.am-ին հայտնել է գրքի հեղինակ Թամարա Թովմասյանը:


Նա մասնավորապես նշել է, որ «Հայոց լեզու, 10-րդ դասարան», (291 էջ) մեթոդական ձեռնարկը գնացել է տպագրության` «Էդիթ Պրինտ» հրատարակչություն:


Ըստ Թամարա Թովմասյանի` ձեռնարկը ներառում է «Հայոց լեզու 10» դասարանի թեմատիկ պլանավորումը՝ վերջնարդյունքներով, ինչպես նաև ծրագրով 64 ժամի համար նախատեսված` բոլոր դասերի անցկացման պլանները:


«Ձեռնարկում տեղ են գտել տարբեր մեթոդներով դասի վարման օրինակներ, թեմային համապատասխան գծակարգեր, խմբային աշխատանքի համար բազմապիսի առաջադրանքներ: Ձեռնարկը կարող է օգտակար լինել հանրակրթական դպրոցների հայոց լեզվի ուսուցիչներին, մանկավարժական բուհերի ուսանողներին և կրթության գործի կազմակերպիչներին»,- նշել է նա :

Ձեռնարկի նպատակն է 10-րդ դասարանի հայոց լեզվի ուսուցիչներին ոչ միայն մեթոդական օգնություն ցուցաբերելու, ուսուցումը առավել մատչելի ու հետաքրքիր դարձնելու, այլև ուսուցչի կողմից ուսուցման ժամանակակից մեթոդներն ավելի հասկանալի և նպատակային կիրառելու` ուսումնական նյութի թեմատիկ պլանավորման, դասերի պլանավորման և գնահատման հարցում: Հասարակության զարգացման բոլոր փուլերում էլ ուսուցիչը մշտապես սովորելու և, ժամանակի պահանջներին համապատասխան, կատարելագործվելու խնդիր ունի: Այսօրվա ուսուցիչը պիտի լինի անընդհատ սովորելու անհրաժեշտությունը գիտակցող, ժամանակակից մեթոդների իմացությամբ զինված, իր կազմակերպչական, հաղորդակցական, գիտելիքների համակարգման ու ընդհանրացման կարողություններով և որոշում կայացնելու, ստեղծագործաբար աշխատելու, աշակերտների ճանաչողական ու հոգևոր զարգացումը խթանելու, ուսումնառությանը աջակցելու հմտություններով: Դպրոցն իր պատմության ողջ ընթացքում եղել և մնում է հասարակության կողմից գնահատվող արժեքներից բարձրագույնը: Այսօր կրթական բարեփոխումներն ու ուսուցչի դերի նորովի արժևորումը դարձել է օրվա հրամայականը: Ուստի, ավագ դպրոցում ուսուցումը հետաքրքիր կազմակերպելու նպատակադրումից ելնելով՝ ուսուցանվող նյութերի մատուցման, հաղորդման, գործընթացի կատարելագործումը խիստ որոշիչ է դառնում՝ ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու առումով: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի թեմային ստեղծագործաբար մոտենալու հնարավորություն, և այս ձեռնարկը զերծ է պարտադրանքից. այն ունի միայն ուղղորդող բնույթ: 10-րդ դասարանում լեզվական գիտելիքների ուսուցումը նպատակ ունի զարգացնելու տարբեր բնույթի բանավոր և գրավոր շարադրանք ստեղծելու կարողություններ՝ կիրառելով ուսուցման ժամանակակից մեթոդներ: Այդ լեզվական նյութերի մատուցումը հետաքրքիր ու նպատակային դարձնելու համար կազմվել է սույն մեթոդական ձեռնարկը՝ հաշվի առնելով այն բարեփոխումները, որոնք այսօր միտված են կրթության որակի բարելավմանը: Նպատակն այն է, որ դասաժամը անցնի հետաքրքիր՝ ավանդականից տարբեր դասավանդման մոտեցումներով: Ծրագրային բոլոր թեմաներն ուղեկցվում են մեթոդական ցուցումներով, առանձին ուղղորդող մեկնաբանություններով, հարցերով ու առաջադրանքներով։ Ձեռնարկն ստեղծվել է ժամանակի գիտամեթոդական պահանջներին համապատասխան։ Սա արված է մեկ նպատակով, որ սովորողը ոչ միայն տիրապետի քերականական տեղեկություններին ու փաստերին, այլև յուրացրած գիտելիքը հանգամանորեն կիրառի գործնականում, ինքնուրույն կամ ընկերների հետ միասին մասնակցի թեմայի ներկայացմանը, մեկնաբանական, վերլուծական և բացատրական աշխատանքներին: Ամեն ինչ արվել է, որ ուսուցչի ուղղորդմանբ ու վերահսկողությամբ ավագ դպրոցի սովորողը ինքնուրույնաբար ընկալի նյութը՝ իր ընդունակություններին ու կարիքներին համապատասխան։ Յուրաքանչյուր թեմային հատկացված ժամաքանակը հնարավորություն է տալիս ուսումնական նյութը ուսումնասիրել առավել մատչելի ձևով: Ձեռնարկը կոչված է մեթոդապես ու մասնագիտորեն օգնելու ուսուցչին և նպաստելու հանրակրթական դպրոցում հայոց լեզվի ուսուցման թերությունները շտկելուն, սովորողի ժամանակակից պահանջների բավարարմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Ձեռնարկի դասավորությունն ու բովանդակությունը կազմված են ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների հաջորդականությամբ, իսկ թեմային վերաբերող հարցերը, առաջադրանքները, գծակարգերը միտված են ինտերակտիվ սովորողի ձևավորմանը, նրա պատրաստվածությանը, կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Ձեռնարկը իր մեջ ներառում է նաև 10-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի ծրագրերի հիման վրա կազմված թեմատիկ պլանավորումը: Ներկայացված թեմատիկ պլանավորումն ընդգրկում է թեմաների վերնագրերը, յուրաքանչյուրին հատկացված ժամաքանակը, ուսումնական նպատակները՝ առարկայական չափորոշչին համապատասխան վերջնարդյունքներով: 10-րդ դասարանում ծրագրով նախատեսված է շաբաթական՝ 2, տարեկան՝ 68 դասաժամ, որից համապատասխան ժամեր նախատեսված են գործնական գրությունների ուսուցմանը, կրկնություններին, թեմատիկ և ամփոփիչ աշխատանքների համար: Ձեռնարկի թեմաները, վարժությունները և առաջադրանքներն ընդգրկում են ժամանակակից հայոց լեզվի հնչյունաբանությանը, բառագիտությանը, բառակազմությանը, լեզվի պատմությանը, նրա զարգացման փուլերին՝ գրաբարի, միջին հայերենի, արդի հայերենի ձևաբանությանը և շարահյուսությանը, ինչպես նաև տեքստի կառուցվածքին, բառարանագիտոությանը վերաբերող նյութեր: Գիտելիքի յուրացման համար կազմվել են այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս ապահովում են սովորողի անհրաժեշտ գիտելիքների գործնական իրացումը՝ ըստ նրանց ընկալողական կարողունակություններին համապատասխան: Վարժություններն իրենց բովանդակային ծավալով, տարաբնույթ առաջադրանքներով ձևավորում են անհրաժեշտ չափանիշներ սովորողի և՛ ուսումնական պատրաստվածությունը, և՛ ինքնուրույն մտածելու, տրամաբանելու ունակությունը ստուգելու, բացահայտելու համար: Սովորողների կողմից ուղղագրական և կետադրական կանոնների յուրացումն ապահովելու նպատակով ներառվել են տեքստեր, որոնց ընտրության ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն դրանց ուսուցողական, այլև գեղարվեստական, դաստիարակչական նշանակությունը. հատվածներն ընտրվել են հայ և այլազգի անվանի հեղինակների ստեղծագործություններից: Յուրաքանչյուր թեմա ունի համապատասխան վարժությունների և առաջադրանքների բաժին, որոնք լրացնում են դասագրքում եղած բացերը: Բարձր դասարանների հայոց լեզվի ուսուցման հիմնական խնդիրներից մեկն այսօր վարժությունների այնպիսի համակարգի մշակումն ու կիրառումն է, որը պետք է նպաստի սովորողների մտավոր կարողությունների զարգացմանը և մտածողական գործունեության ակտիվացմանը: Այս ձեռնարկը ամբողջությամբ մշակված է նոր պահանջներին համապատասխան: Այսպիսով՝ դասի պլանները և առաջադրանքներն այնպես են կազմված, որ սովորողին մղում են ոչ թե մեխանիկական աշխատանք կատարելու, այլ խթանում ու հարստացնում են նրանց լեզվական գիտելիքները գործնականորեն կիրառելու կարողությունը: Վարժությունները կարող են կիրառվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ուսուցման նպատակով: Այն նաև հարուստ նյութ է ուսուցանող գնահատման համար:

Comentarios


bottom of page