Համարակալված կենդանուն կկարողանան գրավադրել և իրացնել արտերկրում․ Գառնիկ Հովհաննիսյան
- Anews
- Nov 21, 2022
- 3 min read

«ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը մեկնարկել է։ Այս թեմայի շուրջ Anews.am-ը զրուցել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի հետ։
Ըստ Գառնիկ Հովհաննիսյանի «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում ծրագրի կարևորության առաջնային կետը դա և՛ գյուղացուն, և՛ սպառողին, և՛ տնտեսվարողին անվտանգ սննդով ապահովելն է։
«Համարակալված կենդանուն կկարողանան գրավադրել բանկային կազմակերպություններում և միսն արտերկրում իրացնելու հնարավորություն կստանան։ Սպառողը կարող է հավաստիացած լինել, թե ինչ ապրանք է գնում։ Համարակալման առավելություններից մեկն էլ այն է, երբ որ կենդանուն գողանում են, կամ այն կորել է, այդ ականջապիտակի շնորիվ հնարավոր կլինի վերադարձնել կենդանուն։
Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել ու գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը»,- նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը ։
Նրա կարծիքով, ոլորտում առկա խնդիրների մեծ մասը կլուծվեն ծրագրի իրականացմամբ։
«Ֆերմերները, որոնք ունեն տոհմային կենդանիներ, բոլորը համարակալված են այլ երկրի համարներով։ Դրանք արդեն տեղայնացվել են, իսկ մեր ֆերմերների խնդիրն է այն փոխել հայկական համարներով ականջապիտակների։
Առաջնային խնդիրը, որը կլուծվի կայուն անասնահամաճարակային իրավիճակին տիրապետելն ու ապահովելն է։ Հաշվառման գործընթացից հետո հնարավոր կլինի հետևել նաև կենդանու շարժին․ ով ումից գնեց, մինչ այդ ինչ պատվաստումներ և ինչ բուժումներ է ստացել կենդանին: Համարակալումը լուծում է նաև արտահանման ծավալների մեծացման խնդիրը»,- հավաստիացրեց Գառնիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ծրագիրը իրականացվելու է ողջ հանրապետությունում և կարևոր են համարվում ՀՀ-ում գտնվող բոլոր անասնատերերը և ֆերմերները։
«Սա համապետական ծրագիր է և մեկնարկելու է Հայաստանի բոլոր համայնքներում։ Ռեսուրսների խնդրի պատճառով մեկնարկում ենք գյուղ առ գյուղ կամ ինչ-որ մարզում, բայց դա չի նշանակում, որ մյուս մարզերում չի լինելու։
Ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի էջմիածնի տարածաշրջանի կենդանուց։ Սկսել ենք նաև Արարատի մարզում։ Համայնքներ ունենք, որ արդեն ավարտել ենք գործընթացը և անցել ենք 2-րդ փուլ՝ հաշվառման՝ ծրագիր մուտք անելու գործընթաց»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք որևէ պարտավորություն առաջացնում է ծրագիրը գյուղացիների համար, մասնավորապես հարկային կամ այլ պարտավորություններ, Գառնիկ Հովհաննիսյանը շեշտեց․ «Գյուղացին ոչ մի հարկային պարտավորություն չի ունենալու ծրագրի շրջանակներում։ Ամբողջ ծախսը իրականացվելու է պետական միջոցներով։ Պետբյուջեի հաշվին է արվելու նաև ականջապիտակների և այլ պարագաների ձեռքբերումը և ականջապիտակները փակցնողների աշխատավարձը»։
Գառնիկ Հովհաննիսյանը հավելեց․ «Մենք ամեն տարվա սկզբին հաշվառում ենք իրականացնում Տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին։ Այսինքն՝ ինչ-որ չափով տիրապետում ենք, թե որտեղ քանի գլուխ կենդանի կա։ Մեր սկզբնական տեղեկատվության հիման վրա անասնաբույժները մոտեցել ու իրականացրել են ծրագիրը։ Հիմնականում մեր վարչական ղեկավարները կենդանիների քանակի մասին տվյալներ մեզ ներկայացնում են։ Իսկ նոր ծնված հորթերի մասով պետք է գյուղացին ահազանգի մեր գործող թեժ գծին, և մեր անասնաբույժները կմոտենան ու կհամարակալեն կենդանուն։
Համարակալված կենդանին տեղեկատվություն է պարունակում իր մասին, այսինքն՝ գյուղացին կենդանի ձեռք բերելիս, համարներով կարող է իմանալ, թե ինչ կենդանի է ձեռք բերում, ինչ պատմություն ունի այն»։
Հարցին, թե ի՞նչ ենք ունենալու արդյունքում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենը պատասխանեց.
«Ամենակարևորը, որ ունենալու ենք, դա հաշվառման և համարակալման իստիտուտն է։ Ունենալու ենք բազա, որի հիման վրա մենք կարողանալու ենք պլանավորել մեր հակահամաճարակային միջոցառումները, ունենալու ենք կենդանիների տեղակարգի մասին տեղեկատվություն։ Լուծելու ենք արոտի կառավարման հարցը, բարձրանալու է հանրային առողջության մակարդակը։ Ամենակարևորը ապահովելու ենք հետագծելությունը՝ ֆերմայից մինչև վերջնական սպառող։
Նախատեսվում են նաև այլ բազաներ մանր եղջերավոր կենդանիների համար, որոնք նույնպես կարևոր են։ Բարեհաջող ավարտից հետո կիրականացնենք նաև այս ծրագրերը։
Իրականացվող ծրագիրը գյուղացու համար շատ կարևոր նախադրյալ է, քանի որ կենդանին դառնում է գույք և գրավի առարկա։ Կան անասնապահներ, որոնք ֆերմայում ներդրումներ չեն կարողանում անել, քանի որ բանկերը կենդանուն գրավի առարկա չեն համարում: Սա շատ կարևոր նախապայման է անասնապահության զարգացման գործում։ Կենդանու ապահովագրության դեպքում, եթե կենդանին վնասվում կամ անկում է նա կստանա նաև համարժեք փոխհատուցում։
Յուրաքանչյուր ականջապիտակ իր համապատասխան համարով նախ գրանցվում է հատուկ մատյանում, այնուհետև, ականջապիտակի համարը գրանցվում է «Անի պաս» էլեկտրոնային համակարգում:
«Անի պաս» համակարգում գրանցվում է նաև տեղեկատվություն կենդանու առողջական վիճակի մասին: Նախքան համարակալման ու հաշվառման գործընթացը սկսելը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, փոքր անասնապահական տնտեսություններով հայկականին նման է Ավստրիայի անասնապահությունը: Վերջին տվյալով, մոտավոր հաշվարկով, Հայաստանում գրանցված է եղել 550 հազար խոշոր եղջերավոր կենդանի: Հաշվի առնելով նաև տարեկան արձանագրվող ծինը՝ ներկրվել է 800 հազար զույգ ականջապիտակ: Ականջապիտակների փակցնելու գործընթացը արագ է ընթանում. մինչև տարեվերջ կհասցնեն համարակալել եղած գլխաքանակի կեսը»:
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ օգնում է ծրագրի իրականացման գործում։







Comments