top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել Կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունա


Տեղի է ունեցել Կառավարության այս տարվա առաջին նիստը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Կառավարության կազմի փոփոխությանը, նախարությունների կրճատմանը: Այս քայլը Փաշինյանը որակել է որպես պետական կառավարման մարմինների արդյունավետության խթան: Ստորև մեջբերում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը:

«Դուք գիտեք, որ Ազգային ժողովի ընտրություններում, նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք նախընտրական խոստում ենք տվել, որ Կառավարության կազմը, կառուցվածքը պիտի փոխվի և նախարարությունների թիվը պիտի կրճատվի: Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով: Ես ուզում եմ ուղղակի արձանագրել հետևյալը, որ այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ, այսպես ասած, փող խնայելը չէ: Այստեղ նպատակը շատ ավելի կարևոր է՝ բարձրացնել Կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը: Սա թերևս միակ նպատակն է», - բացատրեց Փաշինյանը: Սակայն վարչապետի պաշտոնակատարի ընդհանուր խոսքից կարելի է եզրակացնել, որ վերջնական որոշումը դեռ տրված չէ: Ինքներդ նկատեք.


«Մենք կառավարությունում մի քանի քննարկում ենք ունեցել այս թեմայով, տարբեր ֆորմատներով, երկու օր առաջ՝ նույնիսկ ամբողջ կառավարության ֆորմատով: Եվ դեռ էլի քննարկումներ կունենանք: Եվ իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, և ըստ էության Հայաստանի քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Այս ընթացքում մենք, իհարկե, կլսենք բոլոր տեսակետները հնարավոր բոլոր կոնֆիգուրացիաների մասին և կկայացնենք առավել բալանսավորված որոշում»:


Ըստ երևույթի, մեր ընթերցողներից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ իր տեսակետով և ամրապնդել կամ փոխել Փաշինյանի որոշումը այս հարցի վերաբերյալ:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը արդեն ուղարկվել է Կառավարության շահագրգիռ գերատեսչություններին: Այստեղ կա նաև փոփոխություն առաջին փոխվարչապետի պաշտոնի հետ կապված. ըստ ժամանակի ընդդիմադիրների այն 2018-ի փոփոխություններով« կարված էր» հատուկ Կարեն Կարապետյանի համար: Նախագծում կա առաջարկ պաշտոնն ընդհարապես վերացնելու մասին:


Նախագծի համաձայն նախարարությունների թիվը կրճատվում է 5-ով` դառնալով 12:

Վերանում է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը միանում է Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը միանում է Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Թեև, ինչպես այսօր լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, իշխանությունները հակված են դուրս թողնել «ռազմաարդյունաբերություն» բառը, որպեսզի միջազգային գործընկերների հետ աշխատանքի ժամանակ խոչընդոտներ չառաջանան, իսկ նախարարությունն էլ կոչելու են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page