Search

Վարչապետը մասնակցել է Ագարակի տոնի միջոցառումներին և համայնքի կարի արտադրամասի բացմանը (լուսանկարներ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Արագածոտնի մարզի Ագարակ համայնք` մասնակցել վերջինիս վերածննդի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Կառավարության ղեկավարը նախ մասնակցել է կարի ֆաբրիկայի բացմանը: Այն հիմնվել է գործարար Հրաչյա Պողոսյանի կողմից: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործարարների միջև վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասնակիցներից մեկն է:


Պողոսյանն արձագանքելով վարչապետի կոչին` նոր ներդրումների արդյունքում հարազատ Ագարակ համայնքում հիմնել է կարի ֆաբրիկան` ստեղծելով գրեթե երեք տասնյակ նոր աշխատատեղ: Այժմ ընթացքի մեջ են ֆաբրիկայի նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նախատեսվում է ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի: Արտադրանքն առայժմ իրացվելու է տեղական շուկայում, սակայն ծրագրեր կան կազմակերպել նաև արտահանում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արտադրամասն առաջիկայում կզարգանա, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կապահովվի բարձր արտադրողականություն:


«Որքան դուք մեծ եկամուտներ ունենաք, այնքան մեծ կլինի աշխատողների, համայնքի և պետության օգուտը»,- ասել է վարչապետըԱյնուհետև վարչապետը մասնակցել է Ագարակի կենտրոնում գտնվող «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշակոթողի մոտ կազմակերպված ծառատունկին: Ագարակի հրապարակը վերանվանվել է «Արարատ-73»-ի անվամբ` վերջինիս հաղթանակի 45-ամյակի առթիվ: 195 օր տիեզերքում` միջազգային տիեզերական կայանում մնալուց հետո Հայաստանի դրոշը վերադարձել է երկիր: Այն այնտեղ էր տարել տիեզերագնաց Օլեգ Արտեմևը: Հայաստանի դրոշը նախօրեին անձամբ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովն է բերել Հայաստան և տոնական միջոցառման ընթացքում այն Ագարակում հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հանելով փաթեթից, որի մեջ այն դրվել էր հենց տիեզերքում: Միաժամանակ, տիեզերքում գտնվող Երևանի 2800-ամյակին նվիրված պաստառը Հայաստան կբերվի երկու շաբաթ անց:


Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական է համարել օրը` մի քանի պատճառներով:«Շատերը հարցնում են, թե Հայաստանում վերջին հինգ ամսվա մեջ ինչ է փոխվել: Նրանք, ովքեր ուզում են տեսնել` կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը` տրամադրությունը, մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Կարևոր է արձանագրել, թե ինչն է ժողովրդի համար ամենակարևորը, դա իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է: Կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ և որևէ մեկը չկա իրենից առավել և իրենից պակաս: Այսօր Հայաստանի Հանրապետություն չկա մի քաղաքացի, սկսած վարչապետից, որը որևէ մեկի նկատմամբ ունի առավելություն: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ-ում հաստատված է իրական եղբայրություն, քաղաքացիական եղբայրություն, բոլորս միմյանց ընկալում ենք որպես միասնական մեկ ընտանիք, մի միություն, մի ազգ: 45 տարի է անցել «Արարատ-73»–ի հաղթանակից, մինչև հիմա Հայաստանում մեծարում են այդ մարդկանց, հրապարակներ են բացում, թրջված աչքերով հիշում հաղթանակը, որովհետև «Արարատ»-ն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, իր հաղթանակով կարողացել է այնպես անել, որ յուրաքանչյուր հայ հպարտ լինի, որովհետև մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնությունն է ու ինքնասիրությունը»,- նշել է վարչապետը` այս համատեքստում հիշեցնելով, որ իր գլխավորած պատվիրակությունը մասնակցել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստին և վերջին հրաժեշտի արարողությանը:


«Ինչո՞ւ ենք բոլորս սիրում նրան, որովհետև նա հայ ժողովրդի հպարտությանը նոր ուժ, նոր երանգ է տվել, հայ ժողովրդի ինքնասիրությունն ու ինքնագիտակցությունը բարձրացրել է նոր մակարդակի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով` այս օրը առանձնահատուկ է, որովհետև քաղաքացիները միմյանց աչքերի մեջ նայում են հպարտությամբ, սիրով, որովհետև ազնիվ են միմյանց նկատմամբ: «Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ ծանոթացա Հրաչյա Պողոսյանի հետ` հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում: Երբ խոսում էինք Հայաստանի զարգացման մոդելի մասին, թե ինչպես պետք է զարգանա Հայաստանը, եկանք եզրակացության, որ կառավարության հիմնական դերն է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի գործարարները Հայաստանում ներդրումներ անեն: Պարոն Պողոսյանը խոստացավ, որ ներդրում կանի Ագարակում, այն մարդիկ, ովքեր ասում են և անում, իրենց խոսքի տերն են, մեր ամենակարևոր գործընկերներն են, նրանք, ովքեր կարող են ոչ միայն բարեգործություն անել, այլ հնարավորություն ստեղծել, որ յուրաքանչյուր հայ կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել»,- ասել է վարչապետը` հավելելով, որ անկախությունից ի վեր սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակում:


Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս փոքր արտադրամասը կմեծանա և այլ արտադրամասեր կստեղծվեն: «Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ Նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի որևէ գործարարի հետ «փայ մտնել», որևէ մեկի վրա «նալոգ դնել», որևէ պաշտոնյայի մտքով չի անցնի կաշառք վերցնել, խնդիրներ ստեղծել: Բոլոր գործարարներին ասում ենք` խոնարհվում ենք ձեր առաջ կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք չափազանց կարևոր են ՀՀ-ի համար, բայց բոլորին կոչ ենք անում ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և փող վաստակելու հնարավորություն տալ ուրիշներին: Հայաստանը սպասում է ձեզ»,- նշել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ շուտով Սանկտ Պետերբուրգի հանդիպման ևս մեկ մասնակցի կողմից գործնական քայլերի ականատես կլինենք: «Շուտով Սևանում կբացվի շաքարի գործարան, որի սեփականատերն այստեղ է: Նա նույնպես այդ հանդիպման մասնակից է: Ես պատրաստ եմ գնալ բազմաթիվ հանդիպումների, որոնց արդյունքում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: Պարոն Պողոսյան, հատուկ շնորհակալություն Ձեզ, որ մեր հայրենակիցների հետ կապը չեք կորցրել: Հայ ժողովուրդն աշխատող ժողովուրդ է, ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, օգնություն մուրացող ժողովուրդ չէ, այլ օգնություն առաջարկող է: Բոլորս միմյանց հետ աշխատելով ապացուցելու ենք, հայ ժողովուրդը ստեղծագործող է և մեծ թռիչք է ունենալու»,- նշել է գործադիրի ղեկավարը:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ագարակը մեր երկրի գյուղատնտեսական կարևոր կենտրոններից է, որին կառավարությունը պետք է ապահովի ջրով, առաջարկի նոր տեխնոլոգիաներ և լավ մթնոլորտ` աշխատելու համար: «Ոչ ոք ձեզ չի խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ, սիրելի ժողովուրդ: Մեր կառավարությունը, ես` ինքս, պետք է հող դառնանք ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի մեր վրա հենվելով` դուք ոտքի կանգնեք, զարգանաք և հզորանաք:


Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը եղել է քաղաքակրթության առաջամարտիկ և այսօր վերանվաճել է այդ պատիվը: Սիրում եմ բոլորիդ, համբուրում եմ բոլորիդ, կեցցե՛ Ագարակը, կեցցե՛ն ագարակցիները, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

#ՆիկոլՓաշինյան #Արագածոտնիմարզ #Ագարակհամայն #Արարատ73ֆուտբոլայինթիմ #ԱնտոնՇկապլերով #Երևանի2800ամյակ

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png