Search

Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առ



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, և ես ուզում եմ արձանագրել հետևյալը. այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Եվ, իմ կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Այնպես որ ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը դրել է մեր առաջ: Եվ որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք արդյունավետ, լուծում ենք արդյունավետ, և հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է»:

ՀՀ վարչապետ. Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով

Գործադիրը որոշել է կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Համապատասխան որոշմամբ՝ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հանրապետության ոստիկանությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն Երևանի արտահերթ ընտրությունների օրը կնշանակի որոշման հրապարակումից 30-40-օրյա ժամկետում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են: Հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: Հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված. ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ անելիք ունեն իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ գործելու ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաղվա կամքի վրա որևէ ապօրինի ազդեցություն պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է: Ես, իհարկե, համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ որևէ մեկը՝ նկատի ունեմ հայտնի խմբերին և շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը: Եթե կտրվի՝ իր ընտրությունն է. այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ և պետական մարմինները»:

Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի պատշաճ մակարդակով անցկացմանը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ 2018 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով 2018 թ. ՀՀ պետբյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 1,438,354.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթնաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ: Վարչապետի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ: Վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով: Դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում տեղի են ունենում շաբաթական հանդիպումներ և վստահեցրել, որ գագաթնաժողովը կազմակերպվելու է բարձր մակարդակով: «Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծել է փոխվարչապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելել է, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- նշել է ոստիկանապետը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ տեղեկացրել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը պատշաճ ձևով կսպասարկի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Ըստ նրա՝ լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը «WiFi» ցանցով ապահովելու խնդիրը:

Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի ներկայացված հայտը բավարարելու մասին» որոշման մեջ: Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք հայտի ներկայացման պահին ցանկում ներառված չեն եղել:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: «Ես հույս ունեմ, որ այս ուղերձը մեր տնտեսական դաշտում հստակ ընկալվում է, և սա նշանակում է, որ նոր սարքավորումներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ արտադրանքի ծավալներն ընդլայնելու համար: Մենք հավանաբար առավել քան շահագրգռված ենք, որ Հայաստանում բիզնեսն աշխուժանա, և դրա միտումները կան: Հույս ունենք, որ մենք կառավարության գործունեության համատեքստում նոր ուժ, նոր թափ կտանք ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը, և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները ոչ միայն չեն խոչընդոտի այդ պրոցեսին, այլև, հակառակը, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն»,-նշել է վարչապետը:

«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ կապահովվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները և կսահմանվեն բարեգործության կարգավորման իրավական հիմքերը: Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ: Տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվել է: «Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի առավել ամբողջականացնել և իրավական առումով հստակորեն կանոնակարգել համապատասխան ցանկը՝ խուսափելով տարբեր գերատեսչությունների կողմից հավաքագրվող տեղեկատվական բազաներում առկա անհամապատասխանություններից:

Օգոստոսի 22-ին Երևանում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի պաշտոնական բացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:

Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 21-ին կանցկացվի ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

#ՆիկոլՓաշինյան #ՀՀվարչապետ #Կառավարությաննիստ

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ ԿԳՄՍ

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

Առուշ Առուշանյանի գործով կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հինգշաբթի

Տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան

Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. ՊՆ

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել. Էդուարդ Շարմազանով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png