top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նիկոլ Փաշինյանը վերակենդանացնում է «հաշվետվության» ժանրը. Աստղիկ Ավետիսյան



Հանրության հետ շփման կարևոր առաքելություններից մեկը հետադարձ կապի ապահովումն է: Ինչպես «Իմ քայլը» շարժման ժամանակ, այնպես էլ վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը շարունակում է անմիջական կապ հաստատել հասարակության հետ և տեղեկացնել իր յուրաքանչյուր քայլի մասին: Առաջին անգամ, մեծ լսարանի համար տեսանելի դարձավ ՀՀ նախագահի նստավայրը, որն այսօր արդեն Վարչապետի աշխատավայր է ծառայելու: Շատերն իրենց մեկնաբանություններում մեղադրեցին Նիկոլ Փաշինյանին՝ տարածքն ուղիղ եթերում ցուցադրելու համար, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաղրամյան հ.26 վարչական շենքը ՀՀ կառավարության որոշմամբ 2004թ. ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ապա լիարժեք իրավունք ունի Վարչապետը ցույց տալ, թե ինչ միջավայրում և իրավիճակում է աշխատելու: Երկրորդ ամենամեծ քննարկումը ծավալվեց Արցախից վերադառնալուց հետո ուղղաթիռից ուղիղ եթեր ապահովելու և հաշվետու լինելու, թե Արցախում ինչ պայմանավորվածություններ ունեցավ, ինչ միջոցառումների մասնակցեց: Ես անվտանգության մասնագետ չեմ, բայց մի բան պարզ է, որ բոլոր տիպի չվերթները հասանելի են, երկրորդ՝ նա արդեն Հայաստանի տարածքում էր գտնվում, երրորդ՝ հասարակությանը հետաքրքիր է, թե ովքեր են հատկապես ուղեկցում Վարչապետին: Մենք ուղղակի սովոր չենք նման աշխատանքի, մենք սիրում ենք ամեն ինչ տեսնել սահմանափակումների մեջ, բայց նաև հաշվի առեք մի հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանի ֆիշկան և հաջողության գրավականը հասարակության հետ հաղորդակցությունն է, բնականաբար նաև թափանցիկ աշխատելաոճը: Եվ, ի վերջո, լավ կլինի, որ եվրոպական երկրների նման Հայաստանի Ազգային ժողովն ու նախագահական նստավայրը, իբրև մշակութային արժեք, բաց լինեն հասարակության առջև: Ժամանակին ՀՀ նախագահի աշխատակազմը փորձ արեց ստեղծելու «ՀՀ նախագահի նստավայր այցելուների ծրագիր», որն այդքան էլ արդյունավետ չաշխատեց, որովհետև հստակ կարգին հետևողներ քիչ եղան, պետք է ծանոթի միջոցով այդ ծրագիրը հաջողեիր: Այսօր արդեն կարող ենք խոսել հանրայնացման խնդիրների մասին: Նիկոլ Փաշինյանը բացել է բոլոր փակ դռները, ֆեյսբուքյան գործիքն օգտագործելով՝ տեսանելի, հասանելի է դարձնում իր աշխատանքն ու գործելաոճը, իսկ տեղեկատվական ժանրերից՝ վերականգնում է «հաշվետվության» ժանրը՝ առանց ճոռոմ բառապաշարի:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page