Search

«Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժել են ութ անձինք. Կան ՌԴ, Իրանի եւ Հայաստանի քաղաքացիներ



Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻՆ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը։

Նրա խոսքով, տուժածների ինքնությունը արդեն պարզել են։ «Ութ հոգի են եղել, որոնցից մեկը արագ սննդի կետի մենեջերն է։ Տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Մեկի կյանքին է վտանգ սպառնում՝ 8-ամյա Մարկոսյան Ռուբինա»,- նշեց նա։

Ըստ փոխգնդապետի, տուժածներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկուսը՝ Իրանի քաղաքացիներ են, եւս երեքը՝ ՀՀ քաղաքացիներ են։ Տուժածների մեծ մասը անչափահասներ են՝ 6, 8, 15 եւ16 տարեկաններ են։ Տուժածներից մեկը «Բուրգեր Քինգի» 19-ամյա մենեջերն է՝ Զարուհի Մելքոնյանը, որը պայթյունի պահին կանգնած է եղել բալոնի մոտ։ Նա սալջարդեր է ստացել։

Փոխգնդապետ Կոստանյանի փոխանցմամբ, պայթած բալոնն այսօր առավոտյան է փոխարինվել, 20 լիտրանոց CO բալոն է եղել։ Խոսելով բալոնի ստուգման մասին՝ Կոստանյանը նշել է, թե բոլոր ստուգումներն էլ կատարվում են ժամանակին։ «Ստույգ չեմ կարող այս օբյեկտի հետ կապված պատասխանել, բայց բոլոր ստուգումներ էլ ժամանակին կատարվում են»։

ԱԻՆ փոխանցմամբ, ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա նշել է, թե ընթանում է փորձաքննություն՝ պարզելու պայթյունի պատճառները։ «Կարող է ճնշման տատանում լինի, կարող է ճնշումը ավել լինի բալոնում։ Բայց սա պետք է ստուգել»,- ասել է նա։ Հարցին, թե ով է մեղավոր պայթյունի համար, նախարարն ասել է. «Այս պահին ճիշտ չի լինի մեղավորի մասին խոսել առանց փորձաքննության»,- նշել է Տոնոյանը։

#Արտակարգիրավիճակ #ԴավիթՏոնոյան #Պայթուն

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia