Search

Նախագահի նոր թեկնածուն՝ Արմեն Սարգսյան. «Ժամանակ»



«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, որ նախագահի հավանական թեկնածուների այն անուները, որոնք այս պահին գտնվում են շրջանառության մեջ իրական չեն, իսկ այն մարդը, ով իսկապես կարող է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի կողմից առաջադրվել նախագահի թեկնածու, անակընկալ է լինելու հանրության համար: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Մինչև վերջերս իշխանության ներկայացուցիչները, այն մարդիկ ովքեր ինչ-որ շփումներ ունեին նախագահ Սերժ Սարգսյանի հետ, վստահաբար պնդում էին, որ նախագահի նրա թեկնածուն ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն է: Հիմա նույն մարդիկ, նույն վստահությամբ պնդում են, որ նրա թեկնածությունը դուրս է եկել օրակարգից: Դրա համար նշվում է երկու պատճառ. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և անձամբ Էդուարդ Նալբանդյանի ցանկությունը: ՌԴ արտգործնախարարը չի ցանկանում փոխել հայաստանյան իր պաշտոնակցին:

Սարգսյանը բավարարում է նախագահին ներկայացվող պահանջները, քանի որ չորս տարուց ավելի է՝ 2013թ. սեպտեմբերից Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն է։ Չնայած Սարգսյանը ֆիզիկապես Բրիտանիայում է, սակայն դեսպանի կեցությունը հավասարեցված է Հայաստանում բնակության հետ: Սարգսյանի մտերիմները հաստատում են, որ նա հունվարի վերջին գալու է Հայաստան և չեն բացառում, որ դա կարող է կապ ունենալ նախագահի պաշտոնում առաջադրվելու հետ կապված բանակցությունների հետ: Իշխանությունները Սարգսյանի նշանակումը կարող են ներկայացնել, որպես հասարակությանն ընդառաջ գնալու հերթական քայլ, հանրային տրամադրությունները բավարարող որոշում»:

#ԱրմենՍարգսյան #Նախագահիթեկնածու

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia