top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մարդիկ հետաքրքրված են ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորմամբ


Ծաղկաձորում դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանքը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը կարևորեց լրագրողների և լրատվամիջոցների դերը հանրության իրազեկման հարցում, քանի որ հենց նրանք են տեղեկացնում մարդկանց վարակի, կանխարգելման հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Այս համատեքստում նա առանձնացրեց լրագրողներին ճիշտ տեղեկատվության տրամադրումը։

Նարինե Մեժլումյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը, որի շրջանակներում նոյեմբերի 27-ից տրվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման փուլի մեկնարկը։ Նարինե Մեժլումյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում արձագանքները հանրության կողմից սպասվածից շատ են։ Ե՜վ Երևանում, և՜ մարզերում ՀԵՀ կենտրոնները բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում, մեծ թվով այցելուներ են հաճախում՝ անվճար ինքնաթեստավորվելու նպատակով։ Նա նաև հավելեց, որ ՀԵՀ աշխատակիցները և բոլոր կամավորները, որոնք օգնում են քաղաքացիներին ինքնաթեստավորվել և մատուցում են խորհրդատվություն, վերապատրաստվել են մասնագետների կողմից։

Լրագրողներին հետաքրքրում էին մի շարք հարցեր, այդ թվում՝ թե մարզերում ինչպես են բաշխվում ՄԻԱՎ թեստերը։ ՀԵՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առայժմ մարզերին որոշակի քանակությամբ թեստեր են բաժանվել։ Թեստերի հետագա խմբաքանակները բաշխելիս հաշվի կառնվի թե՜ մարզի բնակչության թիվը, թե՜ տվյալ մարզում առկա ռիսկերը, թե՜ ինքնաթեստավորում անցկացնողների առաջարկներն ու դիտողությունները։

Ի դեպ, սեմինարի ընթացքում ինքնաթեստավորվեցին նաև մասնակից լրագրողներից։

Սեմինարի երկու օրերի ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները կներկայացնեն ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտորոշման սկզբունքները, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության նշանակությունը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման նպատակներն ու առանձնահատկությունները։ Կխոսվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող թեմաների լուսաբանման առանձնահատկությունների և այլ հարցերի մասին։


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page