Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերին վերաբերող հարցեր



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին: Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝ բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ այդ ոլորտում չօգտագործված մեծ ներուժ կա: Համագործակցության խթանման և գործարար շփումների ակտիվացման նպատակով վարչապետը կարևորել է օդային ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանն օգտվում է Շվեյցարիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) արտոնյալ ռեժիմից: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն երկարամյա սերտ քաղաքական հարաբերություններ՝ դեսպան Գասերը համակարծիք է եղել, որ տնտեսական համագործակցության ներուժն ավելին է, քան օգտագործվում է, և Շվեյցարիան ևս կարևորում է երկկողմ տնտեսական կապերի խորացումը: Նա նշել է, որ Հայաստանի տարածաշրջանների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ձևավորվել է արդյունավետ գործակցություն,իսկ հումանիտար ոլորտում հայ-շվեյցարական սերտ գործընկերության ձեռքբերումներից է այն, որ Շվեյցարիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մասին: Լուկաս Գասերը ողջունել է վարչապետի՝ երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելու առաջարկությունը և գործընթացը սկսելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել: Վարչապետ Կարեն Կարապետյանը և դեսպան Գասերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, դեղագործության ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ: Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցության ծրագրերի համար, որոնք նպաստում են Հայաստանի հեռավոր մարզերի տնտեսության զարգացմանը:

#Anews #հայաստանՇվեյցարիա #Վարչապետ