Search

Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն ազգային-պետական ռազմավարության համատեքստում

Updated: Apr 20


Ատոմ Մխիթարյան, Սիրվարդ Համբարյան

«Հայրենիք – Սփյուռք» նախաձեռնություն

2021 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին փաստենք, որ 2020 թվականը աղետալի հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար, որն, անշուշտ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հետագա զարգացման համար նոր մարտահրավերներ է առաջացրել.  Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի աննախադեպ անկում և արտաքին քաղաքականության անորոշություն, վատթարագույն հարաբերություններ ստրատեգիական դաշնակցի և հարևան պետությունների հետ,  Հայրենիք-Սփյուռք պետական քաղաքականության, Սփյուռքի համայնքների հետ համակարգված աշխատանքի գրեթե բացակայություն,  մարդկային և տարածքային հսկայական կորուստներ, գնալով ահագնացող քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական ճգնաժամ, զանգվածային արտագաղթի մեծ վտանգ և ժողովրդագրական լրջագույն խնդիրներ,  Արցախի Հանրապետության կարգավիճակի անորոշություն, ազգային բանակին, հայկական պետության անվտանգային համակարգին, պետականությանն ու սուվերենությանն ուղղված լուրջ սպառնալիքներ,  հանրության շրջանում բարոյահոգեբանական անկում, ապագայի հանդեպ անվստահություն, համազգային վտանգների գիտակցության, մասնատվածության, ատելության մթնոլորտ, որոնք իրենց արձագանքն են գտնում նաև Սփյուռքում: Հայաստանի, Արցախի և ողջ հայության համար պետական և ազգային անվտանգությանը, ազգային գոյապահպանական լուրջ սպառնալիքներով օրհասական այս իրադրության պայմանները օրակարգային են դարձնում նաև Սփյուռքի հետ ունեցած հարաբերությունների, գործակցության, առհասարակ Սփյուռքի՝ համազգային խնդիրների լուծմանը մասնակցության և դերակատարության հայեցակարգային մոտեցումների վերանայումը: Սպասվող ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կարգախոսը Հայրենիք-Սփյուռք գործակցության բնագավառում պետք է լինի՝ «Հզոր և զարգացած Հայաստան, ուժեղ և կազմակերպված Սփյուռք», որ խտացումն է մեր համատեղ ձգտումների, ազգային իղձերի։ Այս առումով մեր ազգային-պետական ռազմավարությունը պետք է ունենա հայեցակարգային դրույթներ Հայկական Սփյուռքի հետ պետության հարաբերության, Սփյուռքի հետ գործակցության քաղաքականության վերաբերյալ: Հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել պետականակենտրոն մտածողության վրա: Սփյուռքի հետ համակարգված քաղաքականության համատեքստում արդեն ՀՀ-ն դիտվում է ոչ միայն Հայաստանի բնակչության պետություն, այլ՝ համայն հայության: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետություն պետության գոյությունը նաև ազգի գոյատևման երաշխիքն է: Իր հերթին Սփյուռքն իր բազմազանությամբ, աշխարհում տարածվածությամբ պետք է դիտվի որպես Հայաստան պետության շուրջ համախմբված ազգային ուժ, սուբյեկտ՝ կողմ պետականաշինության մեջ, ընդլայնված մասնակցությամբ պետական կառավարման, տնտեսական, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի զարգացման, պետության և հասարակության կենսագործունեությունն ապահովող մյուս բնագավառներում: Պետք է մշակել Համազգային օրակարգ․ Հայաստանում և Սփյուռքի համայնքներում որդեգրել այն քաղաքականությունը, որ Հայաստանը չպետք է դիտարկել որպես Հայրենիք՝ նրանով հիանալու, այնտեղ հանգստանալու և արհավիրքների ժամանակ օգնելու զգացական պահանջներով, ցանկությամբ կամ պարտավորությամբ: Պետք չէ Սփյուռքն անջատել Հայաստանից՝ պետությունից, Սփյուռքը պետք է համախմբվի հայկական պետության շուրջ: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Սփյուռքի նկատմամբ ունի պարտավորություններ: Սփյուռքահայը բնակության իր երկրի օրինապահ քաղաքացի լինելու հետ մեկտեղ պետք է ունենա այն գաղափարական համոզմունքը, որ ինքը, լինելով հայ, գիտակցելով իր ազգային պատկանելությունը, Հայաստան պետությունը, իր էթնիկ հայրենիքի անկախությունը, պետականությունն իրենն են, Հայաստան պետության և հայ հասարակության մի մասնիկն է, ինքը Հայաստանում ներկայություն է, նույն հայաստանցիներից մեկն է, կրում է իր վրա իր էթնիկ պետության հոգածությունը, օգտվում է քաղաքացու իրավունքներից և ազատություններից: Եվ, որ շատ կարևոր է, իր ազգային պետության՝ Հայաստանի Հանրապետության, նաև՝ Արցախի հաջողություններում ու խնդիրների լուծման գործում ունի նաև պարտավորություններ, որ կարող է և պարտավոր դրսևորել ամենատարբեր գործողություններով: Սփյուռքի հետ համազգային օրակարգի խնդիրները, համազգային ռազմավարական ծրագրերը համատեղ լուծելու նպատակով Սփյուռքի հետ հարաբերությունները, Սփյուռքի կազմակերպումը, աշխատանքների համակարգումը պետք է իրականացնի պետությունը: Սփյուռքի համար ծրագրերի իրագործման գլխավոր նախաձեռնողն ու պատասխանատուն նույնպես պետությունը պետք է լինի՝ ամենաբարձր մակարդակով: Հայաստանն է հայության համախումբ կենտրոնը, աշխարհի հայությունը պետք է համախմբվի հայկական պետության շուրջ, պետք է հասնենք Հայաստանակենտրոն, պետականամետ, Հայաստան-ազգային պետության պետական մտածողության տեր հայության, հայկական աշխարհի ձևավորմանը: Ազգային գաղափարախոսության այս հիմնադրույթի իրականացումը պետք է դառնա ազգային կրթության և հայրենասիրական դաստիարակության հիմնաքարը: Համահայկական խոշոր կառույցներն, անշուշտ մեծ դերակատարություն ունեն և Սփյուռքում և Հայրենիքում, սակայն նրանք ոչ թե պետք է մրցակցեն պետության հետ, առանձին, շատ հաճախ՝ իրենց նախընտրած ծրագրերն իրականացնեն, այլ պետության հետ համատեղ մասնակցություն ունենան համազգային օրակարգի խնդիրների լուծմանը: Համահայկական, սփյուռքյան մյուս կառույցները միաժամանակ պետք է ունենան նաև վերահսկողության, նյութական, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հաշվետվություն պահանջելու իրավունք: «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցման և կարգավիճակային և կանոնադրական փոփոխությունների կարիք ունի: Կարևոր է Հիմնադրամի բացարձակ անկախության, գումարների մասով՝ անձեռնմխելիության պայմանների ամրակայումը: Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանի Հանրապետությանը, Արցախին և Սփյուռքին ուղղված մարտահրավերները պետք է դիտարկել որպես համազգային՝ պետականության, հայրենիքի, գոյապահպանությանն ու հայապահպանությանն ուղղված մարտահրավերներ և սպառնալիքներ: Հայաստանի և Սփյուռքի խնդիրները համազգային օրակարգում պետք է լինեն հավասարապես, տարանջատում չպետք է լինի, և պետք է լուծվեն համընդհանուր ազգային ռազմավարական ծրագրերի շրջանակներում:

Սփյուռքի համար այդ մարտահրավերներն են՝ ուծացման գործընթացը, արտերկրում գտնվող հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության պահպանումը, արևմտահայերենի պահպանումը, հակամարտությունների գոտիներում գտնվող հայկական համայնքներում կենսապայմանների վատթարացումը և ֆիզիկական գոյության վտանգը: Շատ կարևոր է, որ ՀՀ-ն պատրաստ լինի ձեռնամուխ լինելու կազմակերպված հայրենադարձության իրականացմանն այն դեպքում, եթե աշխարհաքաղաքական դիմակայության սրացում տեղի կունենա և որևէ տարածաշրջանի հայության ազգային անվտանգության ապահովման նպատակով խնդիրներ կառաջանան: Պետությունը պետք է հետամուտ լինի նախ՝ համայնքային կազմակերպությունների, համահայկական կառույցների՝ Հայաստանի հետ ուղղահայաց, և երկրորդ՝ միջհամայնքային, այդ թվում՝ տարբեր երկրների, զուգահեռ կապերի, հարաբերությունների մշտական համակարգի ստեղծման և զարգացման հարցում, որը կվերաճի համահայկական ցանցի: Դրան մեծապես կնպաստի ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների և ռեսուրների օգտագործումը: Հայաստան - Արցախ - Սփյուռք եռամիասնությունը պետք է դիտարկել հայության գոյապահպանության, պետականության հիմքերի ամրապնդման, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության վերականգնման, հայ հանրության պառակտվածության վերացման և բարոյահոգեբանական միասնության վերականգնման, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման խնդիրների լուծման կենսական կարևորության ամբողջության մեջ:

Նոր պայմաններում առավել ևս կարևորվում է Հայության ներուժի համախմբումը, Հայաստանի կառավարմանը Սփյուռքի մասնակցության ապահովումը, հարց, որը դարձել է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովների օրակարգային քննարկումների առարկա: Ազգային կամ այլ անվանումով՝ Համահայկական խորհուրդը պետք է լինի Սփյուռքի և Հայրենիքի համատեղ ներկայացուցչական մարմին, կառույց, որը մասնակցում է համապետական, համազգային հարցերի քննարկմանն ու որոշումների կայացմանը: Համահայկական կամ Ազգային խորհրդի ստեղծումը կարող է խթանիչ գործոն լինել սփյուռքահայության ներուժի կիրառմանը Հայաստանի հետպատերազմյան վերականգնման և զարգացման գործում: Հայրենադարձությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի ժողովրդագրական խնդրի լուծման ուղիներից մեկը։ Հայրենադարձության մասին հայեցակարգ, ծրագիր և օրենքի նախագիծ մշակվել էր դեռևս 10 տարի առաջ․ դրանց շուտափույթ ընդունումը պարտադիր է: Սփյուռքի ազգային կառույցների, լոբբիստական տարբեր ուժերի հետ մեկտեղ միջազգային հարթակներում և տարբեր երկրներում պետք է շարունակել պայքար մղել ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ, շարունակել Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման ու դատապարտման, նոր թափով՝ Արցախի ճանաչման գործընթացը։ Իսկ այս ամենն արդյունավետորեն իրականացնելու համար Հայրենիք – Սփյուռք հարաբերությունները համադրող ու համակարգող ազդեցիկ պետական կառույցի ստեղծումը, կարծում ենք, պիտի լինի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող կառավարության առաջին քայլերից մեկը։







Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png