top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Ուրախացնելով ուրախանանք» նախաձեռնության թիրախում անմահացած հերոսների զավակներն էին


Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների զավակները մասնակցում էին «Ուրախացնելով ուրախանանք» նախաձեռնությանը:



Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) «Ուրախացնելով ուրախանանք» հերթական նախաձեռնության մասնակիցները 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների երեխաներն էին: Նախաձեռնության հեղինակը սփյուռքահայ Սևան Քէլէշյանն է: Օրը սկսվեց Հովհաննես Թումանյանի թանգարան այցելությամբ, որտեղ մասնակիցները ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանը։ Երեխաներից յուրաքանչյուրը հիշեց հեղինակի իր սիրելի ստեղծագործությունը:

Նրանք ակտիվ պատասխանում էին հարցադրումներին և հետաքրքրված փորձում էին տրված տեղեկատվությունը մտապահել:


10 տարեկան Վարդան Խաչատրյանի ամենասիրելի ստեղծագործությունը «Շունն ու Կատուն» է, իսկ 11 տարեկան Միլենա Ավետիսյանը, ով Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր, շատ ոգևորված էր առաջին անգամ թանգարան այցելությամբ: Մեզ հետ զրույցում փորձում էր համեմատություն անցկացնել Թումանյանի ծննդավայր Դսեղում գտնվող տուն-թանգարանի հետ։


Հեքիաթային ու բանաստեղծական տրամադրությամբ հաջորդ կանգառը ազգային ուտեստներին ծանոթացումն էր: «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիաայում երեխաներին դիմավորեց Սեդրակ Մամուլյանը։ Զրուցելով նրանց հետ խոհարարն առաջարկեց միասին պատրաստել ազգային թխվածքաբլիթ՝ ասելիք-վասելիք։



Պատրաստելու եղանակը նույն էր, բայց յուրաքանչյուրն իր պատկերացումներն էր փոխանցում խմորին: Մամուլյանի վարպետության դասից հետո կազմակերպվեցին տարատեսակ խաղեր, որի ընթացքում նաև երեխաներն իրենց բարեմաղթանքներն էին գրում և նվիրում միմյանց։


Նախաձեռնության համակարգող Սևան Քէլէշյանը կարևորում է նմանատիպ միջոցառումները. «մարդկանց մոտ բարության և հոգատարության հոգեվիճակ է ձևավորվում, մեկմեկու օգնելու, աջակցելու, ուրախացնելու: Մեր նախաձեռնությունները շարունակական են՝ երեխաներ, տարեցներ, երիտասարդներ, տարբեր թիրախային խմբեր են ներառվում ծրագրերում: Այս անգամ մեր փոքրիկներն են եղել ուշադրության կենտրոնում: Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր այն կառույցներին, որոնք անշահախնդիր աջակցում են մեր նախաձեռնությանը»:


Երեխաների համար տոնը ստացված էր. հագեցած ու զվարճալի օր ունեցան, ինչպես նաև ձեռքբերեցին նոր ընկերներ:


Երիտասարդական ակումբների դաշնությունը խրախուսում է այսօրինակ նախաձեռնությունները և բաց հարթակ է բոլորի համար:


Հեղինակ՝ Նախշուն Խաչատրյան

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page