top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լռությունը՝ PR գործիք


Առանձնությունը կամ մենությունը իմաստ ունեն միմիայն ընկերային շրջանակում։ Ընկերությունը գոյություն ունի միայն մոռացության շնորհիվ։ Լռությունը ոչ թե հաղորդակցության հականիշն է , այլ հաղորդակցության կերպ է։ Այս մասին այսօր Armenian PR School-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլը:

Հանդիպումը կազմակերպվել էր «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Լռությունը՝ PR գործիք» թեմայով։

«Լռությունը մեծ դերակատարում ունի կրոնի, հոգեբանության, իրավաբանության մեջ։ Եվ կան մասնագիտություններ, որոնց բարոյական չափանիշներից մեկը լուռ մնալն է, ինչպիսիք են՝ բժիշկներինը, փաստաբաններինը, հարկային համակարգի մասնագետներինը, որոնք իրենց հիվանդների կամ հաճախորդների գաղտնիքները իրավունք չունեն տարածել ամենուր․ իրենք ստիպված են լռել»,-նկատեց բանախոսը։

Իսկ ի՞նչ է լռությունը։ Բանախոսը նշում է, որ մենք հաճախ փոխաբերական իմաստով ենք գործածում․ «Այն, ինչ անձայն է, կոչում ենք լռություն։ Բայց արդյո՞ք այդպես է։ Լռություն նշանակում է խոսքի ակնկալիքի բեկում։ Եթե մեկը մյուսից խոսք է ակնկալում և այդ մյուս կողմը անձայն է մնում, հենց դա մենք կոչում ենք լռություն։ Լրագրությունն էլ լռության հետ է կապված, որովհետև լրագրողը լուր է գրում․ լրագրությունը և լռությունը արմատական տեսանկյունից փոխկապակցված են»։


Վազրիկ Բազիլը առանձնացրեց լռության 6 կարևոր ազդեցություններ․


1․Լռությունը անորոշություն է ստեղծում,

2․Լռությունը սրում և լարում է ուշադրությունը,

3․Լռությունը ասեկոսե է ստեծում,

4․Լռությունը անվստահություն է ներշնչում,

5․Լռությունը խոսքի է մղում,

6․Լռությունը հարգանքի նշան է։

Մասնագետը, ամփոփելով վերոնշյալ կետերը, փաստում է․ «Լռությունը չի հակասում հաղորդակցությանը, այլ հաղորդակցության մաս է կազմում։ Լռությունը զանազան իմաստներ ունի, որոնք գործածում ենք տարբեր բնագավառներում։ Հաղորդակցության մեջ լռության յուրահատուկ իմաստը այն է, որ լռությունը խոսքի, ակնկալիքի բեկում է։ Հաղորդակցությունը նշանակում է ազդեցությունների կառավարում»։

Բանախոսը կարևորեց, որ նրանք, ովքեր հանրային կապով և հաղորդակցությամբ են զբաղված, լռության ուժը գիտակցելու դեպքում, կկարողանան գործածել ի նպաստ իրենց։


«Լռությունը կարող է դիտարկվել որպես մանիպուլյացիոն գործիք հաղորդակցության մեջ՝ մարդկանց մեջ խոսելու ցանկություն առաջացնելու համար։ Օրինակ, եթե կառավարությունը մտադրվում է հարկերի տոկոսները ավելացնել, ապա որոշումը ուղղակի չի հաղորդում։ Դա տարածվում է շշուկների միջոցով։ Հետո մամուլն է անդրադառնում դրան՝ տարածելով լուրը և ստեղծելով հանրային աղմուկ։ Այդ կերպ կառավությունը ուզում է տեսնել՝ ինչպիսի՞ն է քաղաքացիների տրամադրվածությունը։ Այսինքն՝ լռությամբ և մարդկանց խոսելու մղելով, իրենք տեղեկություն են քաղում՝ արդյո՞ք ճիշտ ժամանակ են ընտրել՝ ավելացնելու հարկերը»,-բացատրեց մասնագետը։


Բանախոսը նկատեց, որ մարդիկ կարծում են, որ լեզուն հաղորդակցության միջոց է․ «Լեզուն, նախևառաջ, հաղորդակցության միջոց չէ։ Լեզուն կեցություն է, լինել է, վերաբերմունք է։ Մարդիկ մտածում են, զգում են, ընկալում են լեզվի մեջ, ոչ թե լեզվից դուրս․ սրա համար լեզուն չի կարող միջոց լինել»։


Բանախոսը փաստեց, որ երբեմն պետք է ասեկոսեները շրջանառության մեջ դնել և իմանալ, թե ինչպես կասեցնել կամ չեզոքացնել դրանք։


Դասախոսությունն ամփոփվեց հարցուպատասխանի ձևով:



Արփինե Հակոբյան

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page