top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երիտասարդական ակումբների դաշնությունը սոսկ կազմակերպություն չէ, ԵԱԴ-ն մարդիկ են


«Երիտասարդական ակումբների դաշնությունը սոսկ կազմակերպություն չէ, ԵԱԴ-ն մարդիկ են»․ այսպիսի քաղաքականություն որդեգրած Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունն (FYCA) Աղվերանում իրականացրեց երկօրյա աշխատաժողով։

1999 թվականին հիմնադրված ՀԿ-ն Հայաստանի առաջին երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակադեմիայի (ԵրԱկ) ավանդույթների շարունակողն է։ Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) գլխավոր նպատակը մեկն է՝ համախմբել գործող երիտասարդական ակումբներին և բարձրացնել երիտասարդ սերնդի դերը երկրի հասարակական կյանքում։


Դաշնությունն ունի նաև տարիներ ի վեր որդեգրած սկզբունքներ, որոնց հիմքում ընկած են կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը։ Իսկ փորձի փոխանակումն արտասահմանյան, միջազգային և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ ԵԱԴ-ի կարևոր խնդիրներից է։


Երիտասարդական ակումբների դաշնությունն օրերս Աղվերանում իրականացրեց հերթական ֆորումը, որի ընթացքում անդամ-ակումբների ներկայացուցիչները, մասնակից երիտասարդները կիսվեցին իրենց գաղափարներով, փորձով, միասնական ջանքերով սկսեցին պլանավորել կազմակերպության առաջիկա անելիքները:

Դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ներկայացրեց Հայաստանում երիտասարդական շարժման զարգացման ընթացքը՝ ժամանակային փուլերի բաժանելով և վերլուծելով տվյալ ժամանակահատվածի կազմակերպված երիտասարդության արձանագրած հաջողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև ներկայացրեց առկա մարտահրավերները:

ԵԱԴ նախագահության անդամ Արման Գրիգորյանը ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, որդեգրած քաղաքականությունն ու գրագետ հաղորդակցության կանոնները։


ԵԱԴ նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանն էլ կազմակերպության հեղինակությունը կարևորելով՝ ներկայացրեց ներքին հաղորդակցության ուղենիշները և կազմակերպության ներքին ու արտաքին իմիջի բաղադրիչները:

Օրակարգում ունենալով երիտասարդության ոլորտի զարգացման տասներկու ուղղություն՝ քարտուղարության անդամներն ընտրեցին իրենց համար առավել հոգեհարազատները, որպեսզի այսուհետ համակարգեն համապատասխան ծրագրերը։ Քննարկումներն անցան ջերմ մթնոլորտում. արդյունքում քարտուղարության անդամները կիսվեցին իրենց գաղափարներով, իրականացված ծրագրերում ունեցած հաջողություններով և նոր անդամներին օգնելու ու ներգրավելու իրենց պատրաստակամությամբ։


Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության, քարտուղարության անդամները և մարզային համակարգողները մասնակցեցին Բջնիում կազմակերպված «Արիշտայի փառատոնին», որտեղ ծանոթացան ազգային ուտեստի պատրաստման առանձնահատկություններին, իրենց ձեռքով պատրաստեցին արիշտան, ինչպես նաև գրտնակեցին և թոնրում թխեցին լավաշ: Փառատոնն ուղեկցվում էր ազգային ազգագրական երգ ու պարով, որին ևս մասնակից եղան ԵԱԴականները:

Երկօրյա դրական աշխատանքային մթնոլորտը բոլորին մոտիվացրեց սկսելու և իրագործելու նոր գաղափարներ և մտահղացումներ՝ ի շահ հայ երիտասարդների առաջընթացի, երիտասարդական շարժման զարգացման:

Նաիրա Կարապետյան

ԵԱԴ քարտուղարության անդամ

www.fyca.net


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page