top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ


Հոկտեմբերի 17-ին Գինեսի ռեկորդակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Տարվա եղանակներ» խորագիրը կրող համերգային երեկոյին նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Հնչեցին Պագանինիի և Վիվալդիի ստեղծագործությունները: Համերգային երեկոյին հանդիսատեսն ունկնդրեց նաև Վիվալդիի անմահ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Կարեն Դուրգարյանի խոսքով՝  նվագախումբն է առաջարկել համերգային այս  ծրագիրը և ինքը մեծ հաճույքով ընդունել է համերգի հրավերը:

«Միշտ հաճույքով եմ համագործակցում այս պրոֆեսիոնալ նվագախմբի հետ: Արդեն ասել եմ, որ նվագախումբը շատ բարձր մակարդակի կոլեկտիվ է: Նիկոլայ Մադոյանի հետ ևս հաճախակի ենք ելույթ ունենում: Նա շատ բարձր մակարդակի երաժիշտ է՝ Աստծո տված շնորհով օժտված»,-նշում է Կարեն Դուրգարյանը:

Համերգային երեկոն անցավ հանդիսատեսի ջերմ արձագանքի ներքո: Հանդիսատեսը Մադոյանին բաց չթողեց առանց բիսերի: Նա ունկնդրի համար կատարեց նաև Կոմիտասի «Կռունկը»:

Նշենք, որ Նիկոլայ Մադոյանը 1988թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան Համամիութենական մրցույթի հաղթող՝ երիտասարդ կատարողների անվանակարգում` կատարելով Պ.Չայկովսկու ջութակի համերգը: 1991թ. դարձել է Գեորգ Կլլենկամպֆի անվան ջութակարարների միջազգային մրցույթի հաղթող: 1988թ. Մոնրեալում և Մյունխենում հանդես է եկել բարեգործական համերգներով և հասույթը ուղղել Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած հաշմանդամ երեխաների բուժմանը: Ելույթներ է ունեցել աշխարհի բազում սիմֆոնիկ նվագախմբերի հետ` հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել Տիվոլի և Կոնցերտբաու, Լոնդոնի Թագավորական փառատոնային, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ համերգասրահներում, Միլանի Վերդիի թատրոնում և այլուր: 2004թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Բազմիցս հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page