top of page

Ազգային ժողովի նախագահն ընդունեց Չինաստանի դեսպանին

Aug 20, 2021
1 min read


Ազգային ժողովի նախագահն ընդունեց Չինաստանի դեսպանին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները: Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձեւավորված համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Նա կարեւորեց Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: ԱԺ նախագահն ընդգծեց համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարեւորեց բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան- Չինաստան հարաբերությունները: Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ:

 
 
 

Comments


bottom of page