top of page

Ռուսաստանի մասնագետները կորոնավիրուսն օդում հայտնաբերող սարք են ստեղծել

Aug 27, 2020
2 min read

Կրասնոգորսկի Ս․Ա․ Զվերևի անվան գործարանը («Շվաբե»,ընդգրկված է «Ռոստեխե ընկերությունների կազմում) «Բանակ-2020» համաժողովի ընթացքում ներկայացրել է Ռուսաստանում առաջին սարքավորումը, որը վիրուսները (այդ թվում` կորոնավիրուսը) հայտնաբերում է օդում։ Ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովն այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։Նրա խոսքով` «Դետեկտոր-ԲԻՈ-նե կարող է տարբերակել նաև բակտերիաներն ու թունանյութերը։ Սարքավորումը մշակվել է ՌԴ ԱՆ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ։


«Այս սարքի օգնությամբ օդի փորձանմուշի ավտոմատ անալիզը տևում է 10-30 րոպե՝ կախված պաթոգենների խտությունից և այլ գործոններից», - ասել է Նովիկովը։


Նրա խոսքով՝ սարքավորման պետական փորձարկումներն ավարտվել են հունիսին, իսկ հավաստագրումը դեռ նախապատրաստական փուլում է, ուստի պատվերների մասին խոսելը դեռ վաղ է։


«Բայց մենք պատրաստ ենք և անհրաժեշտության դեպքում կարող ենք արտադրել այնքան, որքան պետք կլինի պատվիրատուին։ Կարևոր է, որ սարքն արձագանքում է օդում առկա զանազան պաթոգեններին, ուստի այն կարելի է կիրառել ինչպես քաղաքացիական նպատակներով, այնպես էլ կենսաբանական անվտանգության ապահովման համար»,- նշել է Նովիկովը։«Շվաբե» հոլդինգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Դետեկտոր-ԲԻՈ»-ն բացառիկ արտադրանք է։ Սարքն ավտոմատ ռեժիմում կարող է հայտնաբերել ինֆեկցիոն հիվանդությունների մինչև 86 հարուցիչներ՝ վիրուսային և մանրէածին բնույթի, ինչպես նաև շրջակա միջավայրի օդում առկա տոքսինները։


Անալիզն իրականացվում է երկու անկախ մեթոդով․ պոլիմերազային շղթայական ռեակցիա ՝ իրական ժամանակի ռեժիմում, և իմունոֆլուորեսցենցիա։ Սարքը նախատեսված է մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, զանգվածային միջոցառումների ժամանակ, ենթակառուցվածքային օբյեկտներում, մետրոյում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և տրանսպորտային հանգույցներում անվտանգություն ապահովելու համար:


«Ռոստեխիե և Ռուսաստանի առողջապահության նախարարության միջև տեխնոլոգիական գործընկերության շրջանակում «Շվաբեն» հանդես է գալիս որպես ինտեգրացիոն կենտրոն՝ առաջատար գիտական կազմակերպությունների կողմից մշակված կենսաբանական անվտանգության սարքավորումների, ինչպես նաև արտադրատեսակների՝ փոքր և միջին բիզնեսի կազմակերպությունների ներգրավմամբ ստեղծված փորձանմուշների արդյունաբերական արտադրության համար։


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:


Համաշխարհային վիճակագրությունների Worldometer կայքի տվյալներով՝ օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 24,3 միլիոնի։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 830 հազար մարդ։

 
 
 

Comments


bottom of page