top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայկական Փի Ար ասոցիացիան և «Eventiada IPRA GWA» ստորագրել են համագործակցության հուշագիր


Հայկական Փի Ար ասոցիացիան և «#Eventiada IPRA GWA» Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և կենտրոնական Ասիայի ամենահեղինակավոր հաղորդակցության մրցանակաբաշխության կազմակերպչական կոմիտեն ստորագրել են համագործակցության հռչակագիր, ինչն առավել մեծ հնարավորություն կտա հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, ինչպես նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերություններին, մասնակցել մրցանակաբաշխությանը և միջազգային մակարդակում ներկայացնել հաղորդակցության վերջին ձեռքբերումները, հանրայնացնել իրականացված աշխատանքները։

Հայկական Փի Ար ասոցիացիայի առաքելություններից է իր ծրագրերով և գործունեությամբ զարգացնել Հայաստանում հանրային կապերի և հաղորդակցության մշակույթը, արժևորել հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին և նրանց կողմից կատարվող աշխատանքը։ Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից հիմնադրված Հայկական PR մրցանակաբաշխությունը հետևողական քայլերից մեկն է, որ նոր չափանիշ է սահմանում հանրային կապերի պատասխանատուների համար, խթանում առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, հաղորդակցության մասնագետներին խրախուսում լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ: Իսկ միջազգային համագործակցությունը բերում է նոր հնարավորություններ։

«Eventiada #IPRA GWA» միջազգային մրցանակաբաշխությունն այս տարի ավելացրել է իր անվանակարգերի թիվը՝ աջակցելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ Մրցանակաբաշխության անվանակարգերում հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գործող բոլոր ընկերություններն ու հանրային կապերի մասնագետները՝ մինչև նոյեմբերի 16-ը։ Մանրամասները՝ Հայկական Փի Ար ասոցիացիայի կայքում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ Մոսկվայում (ՌԴ)։

Հիշեցնենք, որ «Eventiada IPRA GWA»մրցանակաբաշխությանը նախորդ տարի «Տարվա լավագույն միջոցառում» էր ճանաչվել Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության «Վարդավառ» միջազգային փառատոնը։



コメント


bottom of page