top of page

Այսօրինակ անարգումը հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին․ Մայր Աթոռ

Oct 8, 2020
1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է․

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հրթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։ Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին։


 
 
 

Comments


bottom of page