top of page
Search

Ford ընկերությունը Եվրոպայում կկրճատի մոտ 4000 աշխատատեղ


Ford ընկերությունը էլեկտրամոբիլների արտադրությանն անցնելու ֆոնին նախատեսում է մինչեւ 2025 թվականը Եվրոպայում կրճատել մոտ չորս հազար աշխատատեղ, այդ թվում 2300 աշխատատեղ Գերմանիայում՝ Քյոլնում եւ Ախենում։ Այս մասին փետրվարին14-ին՝ հեռուստակոնֆերանսի ժամանակ, ասել է ընկերության ղեկավարությունը, հայտնում է DW-ն։ «Այսօր հայտարարված միջոցառումները նպատակ ունեն Եվրոպայում արտադրական եւ ադմինիստրատիվ բաժանմունքները փոխարինել ավելի փոքր, կենտրոնացված պորտֆոլիոյով, որն ավելի շատ է մասնագիտացած էլեկտրոմոբիլների արտադրության ուղղությամբ», - ասել է Ford-ի գերմանական բաժանմունքի ղեկավար Մարտին Սանդերը։ Գերմանիայում Ford-ի գործարաններում աշխատում է ընդհանուր առմամբ 19000 մարդ։ Ավտոարտադրողը նախատեսում է կրճատել նախագծման բաժնի 1700 եւ 600 վարչական աշխատողների: Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայի այլ վայրերում կրճատումների դեպքում ընդհանուր առմամբ կվերացվի 3800 աշխատատեղ: Ավտոարտադրողի որոշմանը նախորդել են արհմիությունների հետ բանակցությունները, որոնք տեւել են մի քանի շաբաթ։ Փորձագետները հետազոտությունների եւ զարգացման բաժանմունքի կրճատումները համարում են Volkswagen-ի հետ Ford-ի համագործակցության հետեւանքներից մեկը։ Volkswagen-ից Ford-ը ստացել է MEB հարթակի հիման վրա էլեկտրական մեքենաներ արտադրելու լիցենզիա: Սա Ford-ին թույլ է տալիս խնայել հետազոտությունների համար հատկացվող գումարը:

 
 

Comments


bottom of page