top of page

Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը թեստավորվելու է․

Aug 21, 2020
1 min read

Այսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։


Ըստ այդ ուղեցույցի՝ դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով, սակայն ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։

Դասագրքերի բաշխումը դպրոցներում կազմակերպվում է ս.թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դպրոցի տնօրենության կողմից սահմանվում է ըստ դասարանների դասագրքեր ստանալու ժամանակացույցը և ապահովվում պատշաճ իրազեկում։ 

Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Սովորողները դասին մասնակցում են տեղից: Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է: Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով: Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն: Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները։

Սովորողը դպրոց է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով: Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:

Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) թեստավորվում է՝ Առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն:

Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, ինչպես նաև՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը: Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում երկարօրյա ծառայությունների և արտաուսումնական խմբակների մասով կարող են գործել այլ կարգավորումներ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները։

 
 
 

Comments


bottom of page