top of page
ԼՐԱՀՈՍ
Search

PR-ը հարաբերությունների ստեղծման արվեստ է․ Աստղիկ Ավետիսյան


«Հանրային կապեր» եզրույթը (PR), որը Հայաստանում տարբեր ձևակերպումներ է ստացել՝ Հասարակայնության հետ կապեր, հանրության հետ կապեր, հանրության հետ հարաբերություններ, հանրային կապեր և այլն, դեռևս մասնագիտական դաշտում հստակ ձևակերպում չունի»: Այս միտքը հնչեցրեց «Արարատ» մամուլի ակումբում Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանը։ Ըստ Ա․ Ավետիսյանի, եթե այսօր փորձենք դիտարկել, կնկատենք, որ կառավարության կամ որևէ նախարարությունների գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները, կոչվում են հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, իսկ, օրինակ, կառավարությանը կից ՊՈԱԿ-ը կոչվում է Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ։ «Առաջին խնդիրը, որ պետք է արձանագրենք, այն է, որ մենք դեռևս մասնագիտական եզրույթի հստակեցում չունենք, այս ուղղությամբ դեռևս աշխատանքներ պետք է տարվեն»։ Մյուս կարևոր խնդիրն ըստ ասոցիացիայի նախագահի այն է, որ PR-ն ասոցացվում է տարբեր մասնագիտությունների հետ։ Հայաստանում, անկախությունից հետո մասնավոր բիզնես կառույցները, ընկերությունները, կազմակերպությունները, որտեղ վաճառքի հետ կապված գործառույթներ էին իրականացնում, ընդունեցին աշխատանքի մարքեթոլոգների, այսինքն՝ շուկայի մասնագետների, և նրանց վրա դրվեց լրացուցիչ գործառույթ՝ զբաղվել հանրային կապերով։ Եվ ստացվեց այնպես, որ PR դարձավ մարքեթինգի տարր։

«Իրականում, եթե բացատրելու լինենք, թե՛ լրագրողներին, թե՛ հանրույթին, պետք է ասենք, որ հանրային կապերը, դա գլխադասային մի մասնագիտությունն է, որը օգտագործում է տարբեր մասնագիտություններ որպես գործիք։ Օրինակ, եթե մենք փաստաթղթաշրջանառության հետ գործ ունենք, իրավաբանությունը որպես գործիք ենք օգտագործում, եթե մենք կառավարման հետ գործ ունենք՝ մենեջմենթն ենք որպես գործիք օգտագործում, եթե հետազոտման փուլում ենք գտնվում, ապա՝ սոցիոլոգիան ենք օգտագործում, եթե ԶԼՄ-ների հետ հարաբերություններին ենք ձգտում, ժուռնալիստիկան ենք որպես գործիք օգտագործում և էլի շատ մասնագիտություններ նպաստում են հանրային կապերի ձևավորմանն ու դրական կերպարի ստեղծմանը» PR փորձագետն ընդգծեց՝ hանրային կապերի մասնագետների առաքելությունը հարաբերությունների ձևավորումն է, ինչպես նաև ընկերության, կառույցի կամ գերատեսչության և հանրության միջև կապի, համագործակցությանը և փոխգործակցությանը նպաստելը:

Մերի Խաչատրյան


Comments


bottom of page