Հայկական PR մրցանակաբաշխությունը յուրօրինակ հարթակ
Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա հանրային կապերի ոլորտի ամենասպասված միջոցառումը:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ այս տարի չորրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությունը միտված է գնահատելու հանրային կապերի ու հաղորդակցության ոլորտում կատարված աշխատանքը, միևնույն ժամանակ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Հայկական Փի Ար ասոցիացիան գիտական հետազոտության հենքով մեկ տարվա ընթացքում մշտադիտարկման է ենթարկել ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները: Ֆոկուս խմբերի, ընտրված փորձագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ իրականացվել են քննարկումներ և հարցումներ, որոնք ենթարկվել են որակական և քանակական վերլուծության: Հետազոտության արդյունքներն ամփոփվելու են մրցանակաբաշխության ընթացքում:
«Հայկական Փի Ար ասոցիացիայի աչքից ոչինչ չի վրիպում՝ քաղաքականությունից մինչև բիզնես ոլորտ՝ կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվում գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը: Այս տարի հնարավորություն ենք ընձեռել, որ կառույցներն ազատորեն ներկայացնեն իրենց ծրագրերն ու իրականացրած նախաձեռնությունները. հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետները ևս կարող էին ինքնաառաջադրվել»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
«Մենք մեր ամենօրյա աշխատանքում ձգտում ենք ապահովել բացարձակ թափանցիկություն՝ մեր հանրային շփումներում և չափազանց կարևորում ենք այս ոլորտը։ Վստահ եմ, որ այս տեսակ հանդիպումներն ու հանրային կապերով զբաղվող մասնագետների աշխատանքի գնահատումը միայն դրական ազդեցություն կունենա մեր երկրի զարգացման համար», - ընդգծում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մրցանակաբաշխությունը յուրօրինակ հարթակ է դարձել հանրային կապերի մասնագետների համար: Մրցանակաբաշխության հետազոտության վերջնական փուլում յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվում է լավագույն եռյակը: Վերջնական փուլում, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հաղթողը:
Մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ.):
Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ը իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստան, Ռումորս մոնիթորինգ, Արլուպա, N Սվիթ ստուդիո, Հեքիմյան բենդը, Արմենիա Վայն։
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրային կապերի մասին տեղեկատվությունը քննարկել գիտական մակարդակում, կազմակերպել ուսուցողական ծրագրեր, քարոզարշավներ, մշակել PR ռազմավարություն, խորհրդատվությամբ զբաղվել, ֆորումների, սեմինարների և գիտաժողովների միջոցով քննարկել PR ոլորտի հիմնախնդիրներն ու տեսլականը:
Մանրամասներին ծանոթացե՛ք www.armpr.org կայքէջից։
Commentaires