top of page

Արփինե Հովհաննիսյանը հաղթեց Հայկական PR մրցանակաբաշխության տարվա հրապարակային գործիչ անվանակարգում

  • Anews
  • Jun 10, 2021
  • 2 min read

ree

Կայացավ «Հայկական PR մրցանակաբաշխություն 2021»-ը, որն իրականացվել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» նախաձեռնությամբ: PR մրցանակաբաշխության հետազոտական խումբը քանակական հետազոտության մեթոդաբանությամբ յուրաքանչյուր անվանակարգում առանձնացրել է լավագույն եռյակը: Արդյունքում տարվա հրապարակային գործիչ անվանակարգում ընտրվել են Արփինե Հովհաննիսյանը, Գեղամ Մանուկյանը, Տիգրան Աբրահամյանը: Հայկական PR մրցանակաբաշխության 2021-ի տվյալ անվանակարգում հաղթող ճանաչվեցին երկուսը` ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Լավագույնի անունը հայտարարելու համար բեմ հրավիրվեց նախորդ PR մրցանակաբաշխության նույն անվանակարգում հաղթող, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով իր հուզմունքը կիսեց հանդիսատեսի հետ: Տիկին Ալավերդյանի խոսքով, ցավալի ու ծանր իրողություններ տեղի ունեցան և դժվար ենք վերագտնում ինքներս մեզ, բայց կյանքը շարունակվում է ու նրբորեն պետք է դուրս գալ այս իրավիճակից: «Մի աչքը արտասուքով լի, մյուս աչքը ժպտալով մենք այստեղ հավաքվել ենք և կարծում եմ, դա մեզ պետք է ուժ տա»,- նշեց նա:

Ըստ Ալավերդյանի` մենք չպետք է հավատանք, որ սա մեր մայրամուտն է:

«Այստեղ սարեր կան սարերի վրա,

Եվ ձորերի մեջ ձորեր կան մթին,

Ես չեմ հավատում իմ մայրամուտին,

Այստեղ սարեր կան սարերի վրա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը, հիշելով Համո Սահյանի հայտնի խոսքերը:

Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց «Հայկական Փի Ար ասոցիացիային», նրա կողմից գնահատվելու համար և առանձնացրեց հանրային հաղորդակցության կամ հանրության հետ երկխոսելու իր ձևաչափը:

«Առաջին չափորոշիչը` չմոռանալ, ովքեր զոհվեցին, ինչու զոհվեցին, թույլ չտալ մոռանալ, որպեսզի արժանի դառնան այն զոհողությանը, որ տեղի ունեցավ նրանց կողմից: Երկրորդ չափանիշը` ազնվություն, դա այս փուլում առավել, քան կարևոր է: Մենք մի փոքր բարության և հանդուրժողականության կարիք ունենք: Ես իմ հանրային հաղորդակցության կամուրջը հանրության հետ ուզում եմ կառուցել հենց այդպես: Մյուս չափանիշը ներդաշնակությունն է ինքս իմ խղճի, համոզմունքների հետ»,- կարևորեց Արփինե Հովհաննիսյանը:


Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում:

PR մրցանակաբաշխության արդյունքները գիտական հիմք ունեն։ Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։


Գոհար Սարգսյան

ree

ree

ree

ree

ree


Comments


bottom of page