Հայկական PR դպրոցի ավարտական հանդիպմանը ներկա էր նաև Արման Թաթոյանը
Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական Փի Ար ասոցիացիայի Հանրային կապերի և հաղորդակցության դպրոցի ավարտական հոսքի մասնակիցների հետ:
«Պետք է խուսափել այն մարդկանց աշխատանք վստահելուց, որոնք մուրալով ստացել են կրթության վկայագիր, չեն կարևորում գիտելիքը. այս մարդիկ հետագայում պաշտոն կամ հանրային այլ դիրք զբաղեցնելով կիսատ գիտելիքով վտանգավոր են դառնում երկրի համար, իրենց թվացյալ իմացությամբ համառ մարտնչում են իրական գիտելիքի դեմ, հեղինակազրկում են իրական կրթությունը»,- իր էջում նշել է Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի, երկրի հաջողության անիվը: Պետք է բարձր է գնահատել այն մարդկանց, ովքեր իրական գիտելիք ունեն:
Հայկական Փի Ար ասոցիացիայի Հանրային կապերի և հաղորդակցության դպրոցի ավարտական հոսքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը խոսել է նաև հանրային հաղորդակության կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ հասարակության հետ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատումն առաջնահերթություն է և ունի առանձնահատկություններ։
Նա հաջողություններ է մաղթել ինչպես PR դպրոցի շրջանավարտներին, այնպես էլ Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանին:
Comments