«Առավոտ» օրաթերթը՝ Հայկական PR մրցանակաբաշխություն 2021-ի «Տարվա ԶԼՄ» անվանակարգի հաղթող ճանաչվեց
Հայկական PR մրցանակաբաշխության 5-րդ հոբելյանական հանդիսավոր արարողության ընթացքում «Տարվա ԶԼՄ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Առավոտ» օրաթերթը՝ «Կյանքը սահմանի եզրին» շարքի համար:
«Տարվա ԶԼՄ» անվանակարգի լավագույն եռյակում նոմինացված էին՝
«Առավոտ» օրաթերթը՝ «Կյանքը սահմանի եզրին» շարք
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ «Երկիրը երկիր է» հաղորդաշար
«Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ «Մեր գյուղի եկեղեցին» հաղորդաշար
Արարողության ժամանակ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մրցանակը հանձնեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանիա Բարսեղյանին:
Նաղաշ Մարտիրոսյանը իր ելույթում նշեց, որ շատ խորհրդանշական է համարում այս օրը, քանի որ այն եռակի տոն է: «Այս օրը եռակի տոն է, որովհետև Հայկական Փի Ար ասոցացիայի 15-ամյակն է, ԵՊՀ-ի «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական կրթական ծրագրի` 10-ամյակը և Հայկական PR մրցանակաբաշխության` 5-ամյակը: Կեցցե՛ն նրանք, ովքեր այս լուսավոր միջավայրում կազմակերպել են այս տոնը»,- ասաց նա:
Մարտիրոսյանի կարծիքով, հաճախ պետք է կազմակերպել նման միջոցառումներ:«Դրանք անհրաժեշտ են, կարևոր և երբեք չարդարանալ դրանց բացակայությամբ` ասելով, թե դրա ժամանակը չէ, կեցցե՛ք»-կարևորեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:
Իր հերթին «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանիա Բարսեղյանը պատմեց «Կյանքը սահմանի եզրին» շարքի մասին մանրամասներ. «Սա մոտ մեկ տարի տևած նախագիծ էր: Այն մենք իրականացնում էինք «Սինոլաբ» ընկերության հետ համատեղ: Նախագծի իմաստը հետևյալն էր` մենք գնում էինք Հայաստանի մարզերով` ամենասահմանային եզրերում գտնվող գյուղերը, այնտեղ գտնում էինք մի համով երեխայի, որը պատմում էր իր երազանքների, իր կյանքի մասին, թե ինչպիսին է կյանքը սահմանին: Այդ պատմությունները մենք ներկայացնում էինք տեսանյութերով, լուսանկարներով, ապա «Սինոլաբ»-ը ներկայացնում էր պատմությունների կոմիքսները և այն դառնում էր մի ամբողջական շարք»:
Ըստ Մելանիա Բարսեղյանի` այնպես է ստացվել, որ Հայաստանի 10 մարզերից 9-ը նաև Երևանը սահմանային է: «Այսօր այդ խնդիրը առավել է սրվել, որովհետև մենք բոլորս ենք սահմանին ապրում: Այս մրցանակը ես շատ եմ կարևորում և անչափ շնորհակալ եմ Հայկական Փի Ար ասոցացիային դրա համար»,- ընդգծեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանիա Բարսեղյանը:
Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությամբ ավանդական դարձած PR մրցանակաբաշխության նպատակն է կարևորել և գնահատել Հայաստանում հաղորդակցությունների ոլորտում արձանագրված ձեռքբերումները: Այսօր առավել քան երբևէ պետք է կարևորել գրագետ հաղորդակցությունն ու փոխհարաբերությունները՝ նպաստելով պետական ինստիտուտների, հանրային կառույցների զարգացմանը:
Գոհար Սարգսյան
Comments