top of page

«Վարդավառ» փառատոնը` երիտասարդական ակումբների համախմբման վայր



ree

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ արդեն 8-րդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ինքնատիպ ներկայացումն է, ինչպես նաև ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումն է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հյուրերի շրջանում:


ree

Ամեն տարի Հայաստանից, Սփյուռքից և արտասահմանից հազարավոր հյուրերի համախմբող հեղինակավոր փառատոնն անցկացվում է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի խոշոր հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:


ree

Այս տարի ևս փառատոնը մեկնարկեց վաղ առավոտից Գառնիի տաճարի մոտ՝ բերքուբարիքի, ձեռքի աշխատանքների ու Վարդավառին նվիրված արվեստի գործերի տաղավար-ցուցահանդեսի բացմամբ: Այնուհետև այն շարունակվեց Գեղարդի վանքում՝ Պայծառակերպության տոնին նվիրված պատարագով, որին հաջորդեց երիտասարդների օրհնության կարգ. հոգևորականը ջուր ցողեց վանքի գավիթում և հարակից տարածքում հավաքված հավատացյալների վրա:


ree

Կեսօրից հետո Գառնու տաճարի հրապարակում փառատոնը շարունակվեց Վարդավառի՝ հեթանոսական ավանդույթների ներկայացմամբ. մասնակիցների մեջ էին տոնակատարության հերոսները՝ Աստղիկն ու Վահագնը:



ree

Ծրագրում ընդգրկված էր նաև Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրություն, Վարդավառի շուրջպար և ազգային-ավանդական խաղեր:

«Վարդավառի բեմականացված ներկայացման ժամանակ երիտասարդները մեծ ոգևորությամբ տարբեր լեզուներով բոլոր հետաքրքրվողներին պատմում էին յուրաքանչյուր դրվագի իմաստը, բացատրում դրա խորհուրդը», - ասաց փառատոնի կազմակերպիչ, ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Գառնի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարտիրոսյանը, ով կազմակերպչական թիմի անդամ է, կարևորելով միջոցառումը նշեց, որ «Գառնի համայնքում տեղի ունեցող յուրաքանչյուր միջոցառում կարևորվում է, սա հնարավորություն է, որ ևս մեկ անգամ մեր տաղանդավոր երիտասարդները ներկայանան. այստեղ ներկայացրել ենք Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները, Գառնիում աճող բերքն ու բարիքը»:


ree

Փառատոնին իրենց մասնակցությունը բերեցին Գառնիի մարզամշակութային կենտրոնի, Երևանի «Յանա» պարային համույթի և «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի սաները:


ree

Վարդավառ միջազգային փառատոնի կազմակերպման աշխատանքներում մեծ ներդրում ունի նաև Հայկական Փի Ար ասոցիացիան:



ree

Փառատոնի ավարտին Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը հանդիպեց Գառնի համայնքի երիտասարդների հետ, ներկայացրեց երիտասարդական ակումբների ստեղծման և անհրաժեշտության մասին, կարևորեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքում, ինչպես նաև ազգային ավանդական մշակութային միջոցառումների կազմակերպումն ու հանրահռչակումը: Հանդիպման ավարտին որոշվեց ստեղծել «Գառնի» երիտասարդական ակումբ, որը կխթանի երիտասարդների ոչ ֆորմալ կրթությամբ հմտությունների զարգացմանը:



ree

Փառատոնն ամփոփվեց երիտասարդների կողմից սիրված ջրոցիով:

ree


ree

ree



ree

Comments


bottom of page