top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Մայրություն» հուշարձանի մոտ նշվեց Խաղողօրհնեքը



Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Մայրություն» հուշարձանի մոտ արդեն վեցերորդ տարին է Երիտասարդական ակումբների դաշնությունը կազմակերպում է ավանդական դարձած Խաղողօրհնեքի արարողությունը։ «Մայրություն» հուշարձանը տեղադրվել է 2016 թվականին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել օգոստոսին՝ սբ. Աստվածածնի վերափոխման տոնի օրը։ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ԵԱԴ նախագահ, ջրաշենցի Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ իր մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին կանգնեցված այս հուշարձանը բնորոշում է բոլոր մայրերի անաղարտ կերպարը. այն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Յուրաքանչյուր տարի Խաղողօրհնեքի օրը ջրաշենցիները հավաքվում են հուշարձանի մոտ նշելու ավանդական տոնը: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանն օրհնեց տարվա բերքն ու բարիքը, ապա խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին ժողովրդին: Այնուհետև ջրաշենցիներին, միջոցառման մասնակիցներին ու հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին «Փարոս» (գեղարվեստական ղեկավար՝ Սվետա Վարդանյան) և «Տարոնցիք» (գեղարվեստական ղեկավար՝ Անահիտ Մելոյան) համույթները, ինչպես նաև ջրաշենցի տաղանդավոր պատանիներ և երիտասարդներ։ «Ավանդական այս միջոցառումը մեր երեխաների համար լավ առիթ է ներկայանալու, ցուցադրելու սովորածն ու ոգևորվելու առաջիկա մրցույթներին ու փառատոններին պատշաճ մասնակցություն ցուցաբերեկու համար»,- ասում է «Փարոս» համույթի գեղարվեստական ղեկավար՝ Սվետա Վարդանյանը: «Խաղողօրհնեքի տոնակատարությունը «Մայրություն» հուշարձանի մոտ մեծ դաստիարակիչ նշանակություն ունի մատաղ սերնդի համար։ Նրանք առնչվում են հայ ազգային ավանդույթներին ու արժեքներին», - ընդգծում է Ջրաշենի դպրոցի ուսուցչուհի, «Սպիտակ» երիտասարդական ակումբի ղեկավար Տաթևիկ Բադիկյանը: Վարդան Մամիկոնյանի ժառանգների գյուղում՝ Ջրաշենում (նախկինում՝ Վարդանավան, Վարդնավ) ավանդույթ դարձած այս միջոցառումը լավ առիթ է նաև համայնքի բնակիչներին հուզող խնդիրների բարձրաձայնման, նոր նախաձեռնությունների դրսևորման համար. այն դարձել է հանրային քննարկումների հարթակ, որը շատ ուրախալի է, քանզի գյուղ այցելելու առիթը բաց չեն թողնում այլ բնակավայրերում ապրող բազմաթիվ ջրաշենցիներ: Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին Աստվածածնի Վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտ կիրակի օրը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այս օրն առավելապես ընդգծվում է որդիական սիրո ու մայրական զուսպ սպասման ու հավատի հանգամանքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը:





#Խաղողօրհնեք #Ջրաշեն #Տեր Օվսե քահանա Հովհաննիսյան #Ատոմ Մխիթարյան #Ջրաշեն #Լոռու մարզ #Մայրություն հուշարձան #Երիտասարդական ակումբների դաշնություն

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page