top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայրենիքի համար ինչ էլ անենք քիչ է. խաղաղության դեսպան Պետեր Ջեմ



-Ես հայ եմ,-հենց այսպես է ինձ հետ զրույցն սկսում լիբանանահայ երգիչ-երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, մոտիվացիոն խոսնակ Պետեր Ջեմը: Նա ծնվել է Լիբանանում և ականատես է եղել պատերազմի: Սա է պատճառը, որ դեռ դպրոցական հասակից նրա արվեստի գլխավոր թեման պատերազմն է եղել:

-Ես միայն հետո հասկացա, որ խաղաղությունն ինքնին ավելի կարևոր ու ավելի խորն է, քան պատերազմը,-ասում է երգահանը:

Այժմ Պետեր Ջեմը հանդես է գալիս «Peace» նախաձեռնությամբ, որի շրջանակում ճամփորդում է երկրեերկիր, քաղաքեքաղաք և իր երգերի միջոցով խաղաղություն քարոզում մարդկությանը: Ասում է, որ դժվար կլինի խաղաղություն պետության ղեկավարներին պարտադրել, բայց ինքը խաղաղությունը սերմանում է ժողովուրդների մեջ. չէ՞ որ հենց իրենք են պետությունների ղեկավարների ընտրողները:


«Everybody is an artist» («Բոլորն էլ արտիստ են»)…Պետեր Ջեմի կողմից կյանքի կոչված երաժշտական ուղղության անվանումն է: Նրա կարծիքով, ցանկացած մարդ պետք է ներկայացնի երաժշտությունն այնպես, ինչպես ինքն է զգում ու ընկալում: Պետք չէ նմանակել արտիստին, պետք է երաժշտությունը յուրովի մատուցել: Այս ուղղությունը ևս մեկ գաղափարախոսություն ունի. Երգի ուղերձն ու հաղորդագրությունն ավելի կարևոր են, քան մեղեդին:

Պիտեր Ջեմը նաև մոտիվացիոն ելույթներով է հանդես գալիս: Հայաստանում նրա գլխավոր նպատակն է հանդիպել, խթանել, ոգեշնչել երիտասարդությանը:

-Հենց երիտասարդն է փոփոխությունը: Յուրաքանչյուր երտասարդ մոմ է, եթե բոլորն էլ վառվեն, լույս տան, ավելի լուսավոր ապագա կունենանք:


Նրա խոսքով` երիտասարդները կարող են փոխել ամեն բան`ոգևորության դեպքում: Երիտասարդին անհրաժեշտ է բացահայտել իր տաղանդը, և այն ճիշտ ծառայեցնել: Ծայրահեղ դեպքում նրանց ձեռքում կա մի հզոր գործիք, որին սոցիալական մեդիա են անվանում: Եթե յուրաքանչյուրն ամեն օր գոնե մեկ օգտակար հրապարակում անի, աշխարհում ինչ-որ բան կփոխվի:


Պետեր Ջեմը Հայաստանում Համաշխարհային երիտասարդական Ոստայնի հյուրն է: Ոստայնը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը երիտասարդության ոլորտում, նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը, ապահովել երիտասարդության ակտիվ մասնակցությունը Հայաստանում և սփյուռքում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հիմնախնդիրների վերհանմանն ու քննարկմանը, խրախուսել երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին: Պետեր Ջեմը տարիներ առաջ է ծանոթացել կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանի հետ: Հասկացել են, որ կարող են համատեղ նախագծերով հանդես գալ: Վերջերս Պետերը ճանաչվեց Ոստայնի դեսպանը Սփյուռքում: Երգահանն ասում է, որ Հայաստանի հետ կապը պահպանում է հայկական կազմակերպությունների հետ համագործակցելով:

Ամեն օր է փորձում հայ մնալ: Հնարավորինս շատ հայերեն է խոսում, հայկական ուտեստներ ճաշակում, ծանոթանում հայկական մշակույթին: Աշխատասենյակում Հայաստանի քարտեզն է փակցրել: Կարծում է, որ հայ մնալու ամենակարևոր նախադրյալներն են լեզուն, պատմությունն ու մշակույթը պահպանելն ու իմանալը: Իր երգերի մեջ պարտադիր փորձում է հայկական երաժշտության դետալներ ընդգրկել: Այսպես նա փորձում է երգերն իրեն ավելի հոգեհարազատ դարձնել:

-Հայրենիքի համար ինչ էլ անենք քիչ է,- Պետեր Ջեմի համոզմունքն է:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page