top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածությունը հետազոտելու մասին հուշագիր է ստորագրվել



Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարող FIDEC Armenia հիմնադրամը (Fighting Infectious Diseases in Emerging Countries) Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer, Ֆրանսիա` Լիոն) հետ համատեղ այս աշնանից Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ կանցկացնի:

Ծրագրի իրականացումը կազմակերպելունպատակով առողջապահության նախարարությունում կնքվել է երկկողմ հուշագիր, որը ստորագրել են նախարար Արսեն Թորոսյանը եւ FIDEC կորպորացիայի հիմնադիր նախագահ, հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը` Արգենտինայից:

Հետազոտությունը կհամակարգի առողջապահության նախարարությունը: Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները: Դրանք մարդու պապիլոմա վիրուսի հարուցած խնդիրներով ընդհանուր հիվանդացության վիճակը շտկելու հիմք կհանդիսանան:

Ուսումնասիրությունը կիրականացվի երկու փուլով` ողջ հանրապետությունում: Հիմնադրամը նաեւ հանրային իրազեկման աշխատանքներ կիրականացնի` տեղեկացնելով մարդու պապիլոմա վիրուսի հետեւանքների, դրա վաղաժամ հայտնաբերմամբ լրջագույն խնդիրներ կանխարգելելու հնարավորության մասին:

Հայաստանում արդեն գրանցված քաղցկեղի դեպքերի արդյունքները եւս Լիոնի լաբորատորիայում կդառնան հետազոտման առարկա` պարզելու` արդյոք դրանց հիմքում եղել է ՄՊՎ վիրուսը, եւ որքանով էր հնարավոր կանխարգելել դրանք:

Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ընթացքում հայտնի վարակաբան, բժիշկ Դանիել Ստամբուլյանը փոխանցել է նաեւ մի շարք վարակների դեմ Արգենտինայում տարվող պայքարի հիմնական շեշտադրումները, ներկայացրել արդյունքները` ընդգծելով պատվաստումների դերը պապիլոմա վիրուսի հետեւանքների կանխարգելման հարցում:

Արսեն Թորոսյանին մեծապես հետաքրքրել են մասնագետի փոխանցած տեղեկությունները: Նախարարը ողջունել է նաեւ հոկտեմբերին Հայաստանում պատվաստումների ընթացակարգի եւ արդյունքների շուրջ գիտական քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page