top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում «Անկախության սերունդ»-ը մտնում է քաղաքական դաշտ



«Անկախության սերունդ» կուսակցության (ԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի ունեցավ օգոստոսի 11-ին, Ստեփանակերտում: Մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի հուշահամալիրում: Հիմնադիր համագումարի օրակարգի հրապարակումից հետո ողջույնի խոսք ասաց Ղարաբաղյան շարժման և պատերազմի առաջամարտիկ, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ԱՀ ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը: Նա երիտասարդներին պատվիրեց փոխել կուսակցության, կուսակցականի վերաբերյալ հասարակական ընկալումները, ամրապնդել երիտասարդների հավատը, կուսակցությունը դարձնել միջոց, որով ակտիվ քաղաքացիները կկարողանան իրենց ունակություններն ու գաղափարները հասցնել ինքնադրսևորման բարձր աստիճանի: Ըստ Ռ. Իսրայելյանի, իշխող կուսակցությունն ու ընդդիմությունն ինչքան էլ իրար քննադատեն, թշնամի չեն կարող լինել, հայրենիք կիսել: Ընդհակառակը` պատրաստ լինեն միմյանց լրացնել, զարգացնել երկիրը: «Կլինեք իշխող, թե ընդդիմություն, հայրենիքի համար նույնը կլինեք, ինչ երկու ձեռքերը մարդու համար: Կլինեք աջ, թե ձախ` փայփայեք մեր երկիրը»,- ասաց Ռ. Իսրայելյանն ու նորաթուխ կուսակցականներին պատգամեց. «Անկախության սերունդ»-ը դարձնել կուսակցություն սերունդների համար և չմոռանալ, որ պատմությունը կերտում են հաղթողները:


Ողջույնի խոսքին հետևեցին նոր կուսակցության խմբի անդամներ Դավիթ Իսրայելյանի, Արթուր Ասրյանի և Մարատ Օհանյանի ելույթները: Իր ելույթում Դ. Իսրայելյանը հայտարարեց, որ Արցախի քաղաքական դաշտում կհայտնվի ևս մեկ ուժ, որ հստակ պիտի ամրագրի, որ նա հերթականը չի լինելու, և իրենց խնդիրը կուսակցությունների մասով վիճակագրության աճին նպաստելը չէ, ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի շահերի սպասարկումը և առաջխաղացումը չէ: Նրանց նպատակն ու առաքելությունը մի փոքր այլ են: Նրանց համար կարևորագույն խնդիր է լինելու քաղաքական սերնդափոխությունը: Ռ. Իսրայելյանի կարծիքով` քաղաքական սերնդափոխության և թարմության այդ էֆեկտը կաշխատի, եթե կարողանան հստակ ձևակերպել հետևյալ հարցերի պատասխանները, ինչպիսի՞ն է կուսակցության արժեհամակարգը, դրանից բխող դիրքորոշումների, Արցախի և աշխարհի միջև քաղաքական երկխոսության նրանց տեսլականները: Նախաձեռնող խմբի անդամներ Արթուր Սարգսյանն ու Մարատ Օհանյանն իրենց ելույթներում խոսեցին անկախության սերնդի ուսերին դրված պատասխանատվության մասին, անդրադարձան նոր իրողությունների գնահատմանը, իրենց կողմից կատարված հետևություններին և հավաստիացրին, որ լցված են երկարատև ու նպատակասլաց աշխատանքային տրամադրությամբ: Կուսակցությունների մասին ԼՂՀ օրենքով սահմանված կարգով քվեարկությամբ հաստատվեց կուսակցության ծրագիրն ու ընդունվեց կանոնադրությունը:

Նախաձեռնող խմբի առաջարկությամբ Դավիթ Իսարյելյանն ընտրվեց «Անկախության սերունդ» կուսակցության խորհրդի նախագահ: Հաստատվեց նաև վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը: Կուսակցության նորընտիր նախագահն ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար և խոստացավ անել այնպես, որ արցախցին շատ արագ զգա իր կողքին կանգնած, պատրաստակամ, հայրենասեր և ինտելեկտուալ թիմի ներկայությունը: Կուսակցության ծրագրում ամրագրված են այն հիմնադրույթները, որով առաջնորդվելու են նորահայտ քաղաքական գործիչները: «Անկախության սերնդի» գերնպատակն է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: ԱՍԿ-ն իր գաղափարախոսությամբ ազգային-պահպանողական կուսակցություն է, որի տեսլականում ազատ, արդար, ինքնիշխան պետությունն է, որի իշխանությունները ձևավորվում են ժողովրդավարական սկզբունքներով անցկացվող ընտրություններով և ներկայացուցչական ժողովրդավարության մեխանիզմներով: Տնտեսական քաղաքականությունը հիմնված է շուկայական հարաբերությունների վրա կառուցվող ու սոցիալական կողմնորոշում ունեցող տնտեսական մոդելի վրա: ԱՍԿ-ականները հիմնվելու են բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարությանը, որտեղ բոլոր քաղաքացիները ընդունում և կրում են պատասխանատվություն պետականաշինության հարցում: Նրանք դավանում են պահպանողականությունը, քանզի գտնում են, որ այն մարդկության կողմից դրականորեն գնահատված և պետականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանումն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է, և ապահովում է պատմության անխզելիությունն ու ժամանակների կապը: Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ «Անկախության սերունդ» կուսակցությունն իր հարաբերությունները կառուցելու է ազգային և պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր են դասվում անձնական և հատվածական շահերից: Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:

ԱՍԿ-ի համար հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն խնդիրները:

Կուսակցությունն իր նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար առաջնորդվելու է ԱՀ սահմանադրությամբ: Նրանք մասնակցելու են պետական և տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների ընտրություններին: Աջակցելու են քաղաքական համակարգի զարգացմանը, ժողովրդավարության կայացմանը, անընդհատ բարեփոխումների ճանապարհով քաղաքացիական հասարակության զարգացմանը: Համագումարում ներակայացվեց նաև կուսակցության ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Ներքին քաղաքականության մեջ հիմնական շեշտը դրվելու է ստվերային տնտեսությունից ձերբազատմանը, ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված իրավական և սոցիալական պետության, մրցունակ տնտեսական համակարգի և աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանն ու սոցիալական բևեռացման մեղմացմանը: Մայրաքաղաքի և շրջանների անհամաչափ զարգացման մակարդակը հնարավորինս մեղմելու համար մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը, իշխանության և բիզնեսի տարանջատմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Չշրջանցվեցին նաև այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են գյուղատնտեսության զարգացումն ու գյուղերի վերաբնակեցումը, էներգետիկ ոլորտի զարգացումը, բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացումը, բնակչության բնական և մեխանիկական աճի խթանումը, կենսաթոշակային համակարգում բարեփոխումների իրականացումը և այլն: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ԱՍԿ-ն իր առջև նպատակ է դրել նպաստել Արցախի Հանրապետության անկախության և հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Սփյուռքի հետ արդյունավետ և բազմակողմանի կապերի խորացմանը, արցախյան արտադրանքի համար նոր շուկաների որոնման հետ կապված Սփյուռքի ներուժի օգտագործմանը և այլն: Արցախի Հանրապետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր քաղաքացիների բարեկեցությունը, սահմանների պաշտպանությունը. «Անկախության սերունդ» կուսակցությունն իր ողջ գործունեությունն ուղղորդելու է այդ տրամաբանությամբ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page