Search

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծաղիկները՝ նոր կյանքի խորհրդանիշ


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել «Ծաղկահավաք» ամենամյա նախաձեռնությունը: «Ծաղկահավաք» միջացառումն իրականացվում է 2010թ-ից՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ։ Երևանի սկաուտական խմբի վարիչ-առաջնորդուհի Ագնեսա Թարիվերդյանը նշում է, որ արդեն երկրորդ տարին է միջոցառման կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է Հայաստանի բարեգործական ընդհանուր միության Երևանի սկաուտական խումբը: Նախաձեռնության նպատակն է Ապրիլի 24-ից հետո հավաքել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ծաղիկները և դրանք ավելի ռացիոնալ օգտագործել. թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձևաչափի 40 թուղթ։

Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարանին, որը վերջին տարիներին այն գործածում է հուշագրեր, շնորհակալագրեր, նամակներ պատրաստելիս, իսկ պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար:

Ագնեսա Թարիվերդյանի խոսքով՝ Ապրիլի 24-ից 3 օր անց արարողության իրականացումը իր յուրահատուկ խորհուրդն ունի. 3 թիվը Սուրբ Երրորդության գաղափարն է իր մեջ ամփոփում, և Եղեռնի զոհերի հիշատակի օրվանից 3 օր անց ծաղիկները հավաքելն ու մշակման նախապատրաստելը նոր կյանքի իմաստն ունի:

«Ծաղկահավաք» նախաձեռնութանը ամեն տարի մասնակցում են նաև Երիտասարդական ակումբների դաշնության կամավորները: ԵԱԴ կամավոր Նելլի Չիբուխչյանն ասում է, որ կազմակերպությունը ողջունում է նմանատիպ նախաձեռնություններն ու պարտադիր իր մասնակցությունն է ունենում: ԵԱԴ-ի համար շատ կարևոր են վայրի բնության պահպանությունն ու ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը: FYCA կամավորներին ծաղկահավաքի և թերթիկների առանձնացման պրոցեսը շատ էր դուր եկել: Նելլին նշում է, որ հասարական աշխատանքներն անչափ հաճելի են, քանի որ զգում ես, որ օգնում ես քո սեփական երկրին և ժողովրդին:




#Ծաղկահավաք #Ծիծեռնակաբերդ #ԵԱԴ #FYCA

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia