Search

Քաղաքապետը հետևել է Երևանի քաղաքապետարանում մեկնարկած «Խելացի քաղաք» հաքատոնի ընթացքին



Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքատոնը: Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող հաքատոնի նպատակը Երևանի համար խելացի լուծումներ մշակելն է, որի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը շրջել է ճեմասրահում, զրուցել մասնակիցների հետ, լսել երիտասարդ ծրագրավորողների գաղափարներն ու մոտեցումները: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման տարբեր բնագավառներում:

Հարկ է նշել, որ հաքատոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ. մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ Երևանի քաղաքապետարանի «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը նշել է, որ հաքատոնի ամփոփիչ փուլում յուրաքանչյուր թիմի կտրվի 5 րոպե՝ մշակված լուծման պրոտոտիպը ներկայացնելու համար:

Հարկի է նշել, որ ժյուրիի կողմից ընտրված գաղափարները կանցնեն Կոլբալաբի ինկուբացիայի փուլ և կստանան ծրագրի իրականացման նախնական ներդրում՝ հետևյալ համամասնությամբ. լավագույնը ճանաչված գաղափարը՝ մինչև 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ գաղափարը՝ մինչև 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և երրորդը՝ մինչև 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նշենք նաև, որ «Խելացի քաղաք» հաքաթոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչման համար նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

«Շուրջ մեկ ամիս առաջ մենք ստեղծեցինք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը, որի շրջանակում աշխատանքային խմբերն արդեն իսկ սկսել են հստակ քայլեր ձեռնարկել: Այդ համատեքստում է նաև Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ այս նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա խելացի մեր երիտասարդներին 24 ժամվա ընթացքում, քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով, առաջարկել իրենց խելացի լուծումները: Արդյունքների ամփոփումից հետո արդեն վաղը պարզ կդառնա, թե ինչ լուծումներ են առաջարկում մեր երիտասարդները: Համոզված եղեք, որ բոլոր այն առաջարկները, որոնք Երևան քաղաքի համար կլինեն հետաքրքիր և իրագործելի, անպայման տեղ կգտնեն մեր ծրագրերում: Մենք այսօր ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ խելացի քաղաք ունենալու հարցում: Սա, ի դեպ, մեր առաջին քայլերից մեկն է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման շրջանակում և, համոզված եղեք, որ մեր կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական և բաց բոլոր ցանկացողների համար»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի իրականացման հարցում համագործակցելու է նաև միջազգային տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ՝ ուսումնասիրելով ու կիրառելով նաև միջազգային փորձը:

«Ծրագրի կյանքի կոչումը, ի դեպ, մենք տեսնում ենք նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և ներդրումներով, նաև միջազգային տարբեր ֆոնդերին պետք է ներկայացնենք մեր կողմից առաջարկվող խելացի լուծումները, ինչը հնարավորություն կտա դրանք իրականացնելու նպատակով այդ ֆոնդերից ևս ներգրավելու համապատասխան միջոցներ»,- նշել է քաղաքապետը:


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia