top of page

Ֆրանսիայի դեսպան. «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» համերգը նվեր է Ֆրանսիային

Apr 1, 2021
1 min read

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ հնչեցին Կլոդ Դեբյուսիի, Մորիս Դյուրուֆլեի, Օլիվյե Մեսսիանի, Գաբրիել Ֆորեի, Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ ունեցան Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո սոպրանո), Սուսաննա Աբրահամյանը (մեցցո սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):

Միջոցառման մեկնարկին ելույթի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը, ով նշեց՝ երկուսուկես տարի առաջ Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ հյուրընկալելով ամբողջ աշխարհից եկած 85 պատվիրակությունների, նրանց նվիրելով մի գեղեցիկ տոն: Նրա խոսքով՝ այդ միջոցառումը Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր:

«Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը մշտապես եղել են ֆրանկոֆոնիայի գործընկերներ: Եվ ես նրանց շնորհակալություն եմ հայտնում այս երեկո այս համերգը մեզ նվիրելու համար և Հայաստանում ֆրանկոֆոնիան և ֆրանսիական մշակույթը տոնելու համար»,-նշեց Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ ֆրանկոֆոնիան ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու կիսելն է. ֆրանսախոս կարելի լինել ի ծնե, իսկ հայերի դեպքում՝ սրտով: Բայց բացի լեզվից ֆրանկոֆոնիան նաև մշակույթի հանդեպ ուշադրությունն է, ցանկությունը պաշտպանել մեր մշակույթը, բայց նաև տարածել և կիսվել նրանով: Եվ հենց այդ ավանդույթը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբն այսօր անում են: Դեսպանն առանձնահատուկ շեշտեց՝ այս համերգը գեղեցիկ նվեր է Ֆրանսիային:

Նշենք, որ համերգն անցավ ջերմ մթնոլորտում՝ հանդիսատեսի հոտնկայս ծափերի ներքո:

 
 
 

Comments


bottom of page